Մատչելիության հղումներ

Վարչապետը Մոսկվայում պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին, այցելել Արմեն Ջիգարխանյանին


Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն։ Վարչապետը հանդիսավոր արարողության շրջանակում Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի ղեկավարը մասնավորապես ասել է. - «Ինձ համար մեծ պատիվ է Նիկիտա Սիմոնյանին հանձնել հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանը: Ես ծնվել եմ 1975 թվականին և այն ժամանակից, երբ ինքս ինձ հիշում եմ, հիշում եմ, որ մեր ընտանիքի, միջավայրի բոլոր առիթների, սեղանների շուրջ անպայման անխուսափելիորեն ինչ-որ մի պահի խոսակցությունը հասել է «Արարատ 73»-ին և Նիկիտա Սիմոնյանին:

Ինձ համար որպես մարդ, որին ամբողջ մանկության ընթացքում ուղեկցել է այդ անունը որպես լեգենդ, մեծ պատիվ է այսօր անձամբ ծանոթանալ և այս առիթը ունենալ: Կարծում եմ, որ իսկապես շատ դիպուկ է բնորոշում այս շքանշանը իր հայրենիքի՝ Հայաստանի առաջ Նիկիտա Սիմոնյանի ծառայությունը, վաստակը, որովհետև կարծում եմ, որ խոսքն ընդամենը ֆուտբոլի մասին չէ. «Արարատ-73»-ը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը, մեր ազգային ինքնավստահության, մեր ազգային հպարտության, սեփական ուժերի նկատմամբ մեր հավատի մի շատ կարևոր հենասյուն:

«Արարատ-73»-ն այն խորհրդանիշն է, որը մեզ ապացուցում է ամեն օր, որ այն ժամանակ, երբ մենք իրար հետ ենք, երբ մենք կանգնած ենք կողք- կողքի, երբ մենք ունենք ընդհանուր ձևակերպված նպատակ և երազանք՝ կարողանում ենք ստեղծել հնարավորություն այդ երազանքը կյանքի կոչելու համար: Կարծում եմ, որ մեր երկարամյա պատմության մեջ «Արարատ-73»-ի ցուցաբերած սխանքը և այն աշխատանքը, որն արել է պարոն Սիմոնյանը, իսկապես շատ կարևոր հանգրվան է և մեզ ուժ է տալիս ոչ միայն երազելու, այլև այդ երազանքները կյանքի կոչելու»:

Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Սիմոնյանին հայրենիքին մատուցած ձառայությունների համար։ «Մենք հպարտ ենք Ձեզնով, Դուք Ձեր աշխատանքով մեզ տվել եք հպարտություն: Ուրախ ենք Ձեզ այսօր տեսնել այսպիսի բարձր տրամադրությամբ, այսպիսի հիանալի երիտասարդ տեսքով և բոլորիս համար մեծ պատիվ կլինի առաջիկայում Ձեզ տեսնել Հայաստանում», - նշել է վարչապետը:

Նիկիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ միշտ հպարտ է եղել հայ լինելու, ֆուտբոլում արձանագրած հաջողություններով հայ ազգի պատիվը բարձր պահելու համար։


Հայաստանի կառավարության ղեկավարը Ռուսաստանի մայրաքաղաքում նաև այցելել է անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել անվանի դերասանին հյուրընկալության համար։

«Մեծ պատիվ է հանդիպել և ծանոթանալ Ձեզ հետ։ Պարոն Ջիգարխանյան, Դուք մեծ սեր և ժողովրդականություն եք վայելում ոչ միայն հայ, այլև այլ ժողովուրդների շրջանում, և մենք հպարտ ենք Ձեզ նման հայրենակից ունենալու համար», - ասել է Փաշինյանը։ Նա հետաքրքրվել է դերասանի առողջությամբ, ստեղծագործական ծրագրերով։

Ջիգարխանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իրեն այցելելու համար և պատմել իր գլխավորած թատրոնի գործունեության, ստեղծագործական ծրագրերի մասին։

«Շատ եմ ցանկանում գալ Հայաստան՝ իմ հայրենիք, ամեն րոպե մտածում եմ այդ մասին»,- նշել է անվանի դերասանը։

XS
SM
MD
LG