Մատչելիության հղումներ

Արսեն Բաբայանի կալանքի հարցով որոշումը դատարանը կհրապարակի այսօր


ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան, արխիվ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման հարցով որոշումը կհրապարակվի այսօր: Այս մասին երեք ժամ տևած դատական նիստի ավարտից հետո չորեքշաբթի ուշ երեկոյան տեղեկացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Արսեն Բաբայանը ձերբակալված է հոկտեմբերի 21-ից: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) միջնորդել է նրան կալանավորել: Բացի այդ, դատարանը քննել է նաև Բաբայանի ձերբակալության իրավաչափության դեմ պաշտպանի բողոքը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը շարունակում է պնդել՝ իր պաշտպանյալն ապօրինի է ազատազրկված:

«Ձերբակալման միակ օրինական հիմքը դա անձի թաքնվելու վտանգն է: Ու միայն էն հանգամանքը, որ Արսեն Բաբայանը առաջին իսկ կանչով պատշաճ ներկայացել է վարույթ իրականացնող մարմնին, կամավոր, արդեն իսկ վկայում է այն մասին, որ բոլոր ենթադրությունները նրա կողմից թաքնվելու վերաբերյալ սին են», - հայտարարեց Վարոսյանը:

Այս քրեական գործը միացվել է պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված գործին: Պատգամավորը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:

Ըստ ՀՔԾ-ի, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը սահմանված ժամկետից շուտ է հրաժարական ներկայացրել, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության՝ այն ժամանակվա իշխող թիմի անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Նպատակն էլ, ըստ ՀՔԾ-ի, այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե վեց տարի, այլ՝ մինչև 70 տարեկանը։

ՀՔԾ-ն մանրամասնել է, որ Գագիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումը ստորագրել է 2018 թվականի մարտի 1-ին, այս դիմումը, ըստ օրենքի, ուղղված է եղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Սակայն մարտի 1-ով թվագրված դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, այս գործով մեղադրյալ Արսեն Բաբայանին է հանձնվել մարտի 5-ին, իսկ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի այս դիմումը, դեռևս մարտի 2-ին ապօրինի ստորագրել է և հայտարարել է ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ Ըստ ՀՔԾ-ի՝ Արսեն Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018-ի մարտի 5-ին ԱԺ մուտքագրված լինելու հանգամանքը:

Ըստ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանի՝ հարուցված քրեական գործը կապ չունի իրավաբանության հետ, իսկ ամսաթվերի հարցը տեխնիկական է:

«Առհասարակ խոսել 300-րդ հոդվածի մասին՝ ես անգամ դժվարանում եմ դրան համարժեք գնահատական տալ: Եթե մի փոքր հետ ենք գալիս և փորձում ենք իրավական տեսանկյունից հարցը դիտարկել, մենք տեսնում ենք, իրավական տեսանկյունից, ընթացակարգային, ներողություն, տեսանկյունից, տեսնում ենք, որ ընթացակարգային առումով նույնպես մենք, որևէ բան չէր փոխվի այս դարի դետեկտիվը՝ մարտի 2-ին է բերվել, թե մարտի 5-ին է բերվել, որևէ բան էս ընթացակարգում չէր փոխվի: Որովհետև, միևնույն է, եթե անգամ մենք դիտարկենք վատագույն տարբերակով, միևնույն է, մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ առաջադրումը եղել է, անգամ ամենավատ տարբերակով հաշվարկ անելուց, այդ ժամկետը լրանալուց հետո, այլ ոչ թե առաջ», - հայտարարեց Մելիքյանը:

ՀՔԾ-ն այս գործում կասկածյալ է ներգրավել նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին:

XS
SM
MD
LG