Մատչելիության հղումներ

Թուրքիան կանգնեցրել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում․ Չավուշօղլու


Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան կանգնեցրել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, սակայն եթե կարիք լինի, դրանք կվերսկսվեն: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ կարիք չկա վերսկսել վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում, քանի որ Միացյալ Նահանգների կողմից տեղեկացվել է հյուսիսում սահմանամերձ տարածքից քրդական ուժերի լիակատար դուրսբերման մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այս հաղորդագրությունը տարածել էր Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների 6 ժամ տևած հանդիպումից հետո:

ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի հնգօրյա ժամկետը լրանալուց ժամեր առաջ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը երեկ պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արևելքում համատեղ ռազմական պարեկության մասին և քրդական ուժերին այդ շրջանն ազատելու նոր վերջնաժամկետ են ներկայացրել:

Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ կողմերին հաջողվել է ընդունել պատմական որոշումներ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:

Համաձայնագրի հիմնական դրույթները երեքշաբթի օրը Սոչիում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել են երկու երկրների արտգործնախարարները:

Ըստ համաձայնագրի՝ այսօր կեսօրից Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները տեղակայվել են թուրք - սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս: Քրդերը ստանում են լրացուցիչ 150 ժամ՝ մոտ վեց օր, Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար․ նրանք տեղափոխվում են ավելի խորը՝ թուրքական սահմանից հեռու: Քրդական ուժերի՝ սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռանալուց հետո Ռուսաստանը և Թուրքիան համատեղ կվերահսկեն սահմանը՝ 10 կիլոմետր խորության վրա դեպի արևելք և նույնքան՝ դեպի արևմուտք: Ընդ որում, որպես շփման գիծ հաշվում են ոչ թե դե յուրե սահմանը Թուրքիայի և Սիրիայի միջև, այլ այն գիծը, որից արևելք Թուրքիան հայտարարել է անվտանգության գոտի․ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը, հիշեցնենք, պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

Նշենք նաև, որ սահմանի երկայնքով 30-կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումը Սիրիայում թուրքական զինված ուժերի գործողությունների հայտարարված հիմնական նպատակն է:

XS
SM
MD
LG