Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանն այսօր Սոչիում կքննարկեն սիրիական ճգնաժամը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Այսօր Սոչիում սիրիական ճգնաժամը քննարկելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահը Սոչի է ժամանում մեկօրյա աշխատանքային այցով: Այցի որոշ մանրամասներ երեկ հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքով՝ Սիրիայից բացի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Հնարավոր է՝ Պուտինն ու Էրդողանը նաև առանձնազրույց ունենան, ասել է Ուշակովը՝ հավելելով, թե նախատեսված են բանակցություններ ոչ շատ մեծ կազմով, որոնց հետևելու է աշխատանքային ճաշը:

Ռուսաստանի նախագահի օգնականն ընդգծել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները լավ են զարգանում, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճում է:

Հիմնականը այսօրվա բանակցություններում, իհարկե, սիրիական ճգնաժամն է:

Պաշտոնական Անկարան չի բացառում, որ թուրքական բանակի հարձակումը Սիրիայի հյուսիսում կարող է շարունակվել արդեն առաջիկա օրերին:

«Այժմ Սիրիայի հյուսիսում 120 ժամ տևողությամբ հրադադար է հաստատվել: Այդ հրադադարի զգալի հատվածն արդեն անցյալում է: Վաղը ես մեկնում եմ Սոչի: Նախագահ Պուտինի հետ մենք կքննարկենք ծավալվող պրոցեսները, ինչից հետո, Աստված տա, կդիմենք անհրաժեշտ քայլերի», - երեկ հայտարարել է Էրդողանը:

Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, այսօր կայանալիք բանակցությունների նախօրեին իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի գործողությունների առնչությամբ: Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին Պեկինում Սյանշանյան համաժողովում իր ելույթում ասել է, թե Թուրքիայի գործողությունների հետևանքով Սիրիայում արտասահմանցի գրոհայիններով 12 բանտ մնացել են առանց պաշտպանության, ինչը կարող է բերել ահաբեկիչների «հակադարձ գաղթի իրենց պատմական հայրենիք»: Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել համախմբել ջանքերը՝ ահաբեկիչների մարտահրավերներին, նրանց գաղափարախոսությանը և քարոզչությանը դիմակայելու համար:

Իսկ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող են վնաս հասցնել այդ երկրում քաղաքական կարգավորման գործընթացին, հավելելով, թե Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող զարգացումները չափազանց անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը:

Էրդողանը երեկ հայտարարել է նաև, որ քրդական ուժերի հետ բանակցությունները բացառված են:

Մոսկվան էլ, հիշեցնենք, պարբերաբար հայտարարում է, որ պետք է բացառել բախումները Սիրիայի կառավարական բանակի և թուրքական բանակի միջև:

XS
SM
MD
LG