Մատչելիության հղումներ

Facebook-ը սառեցրել է ռուսական ծագման մի շարք կեղծ օգտահաշիվներ


Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգ, Ջորջթաունի համալսարան, Վաշինգտոն, 17-ը հոկտեմբերի, 2019թ.
Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգ, Ջորջթաունի համալսարան, Վաշինգտոն, 17-ը հոկտեմբերի, 2019թ.

Սոցիալական ցանցերից առավել մեծ տարածում ունեցող համաշխարհային հսկան՝ Facebook-ը, ֆեյքերի դեմ պայքարում կոշտ վճիռ է կայացրել:

Facebook-ին պատկանող Instagram ցանցում ռուսական ծագում ունեցող մի շարք օգտահաշիվներ այլևս հասանելի չեն, Մարկ Ցուկերբերգի ղեկավարած ընկերությունը դրանք սառեցրել է, ռուսական ծագման կեղծ օգտահաշիվներից զատ սառեցվել են նաև Իրանից կառավարվող երեք ցանցեր:

Facebook-ի փոխանցմամբ, կեղծ օգտահաշիվների առանցքային նպատակն էր միջամտությունը 2020 թվականին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններին:

Այսպիսով, Facebook-ը փորձում է դասեր քաղել 2016 թվականի ընտրություններից և կանխել նոր միջամտության հնարավորությունը:

Ռուսական սառեցված օգտահաշիվները, ըստ Facebook-ի, կապ ունեն Սանկտ Պետերբուրգում գործող «Համացանցի հետազոտությունների գործակալության» հետ, որը նաև անվանում են «թրոլների ֆաբրիկա»: Այն պատկանում է մեծահարուստ Եվգենի Պրիգոժինին, ով, ըստ հավաստի աղբյուրների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ բարեկամն է: Եվ քանի որ Պրիգոժինի բիզնեսի զգալի մասը կապ ունի ռեստորանների հետ, նրան անվանում են նաև «Պուտինի խոհարար»:

2016 թվականի ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության հանգամանքները հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցում հիշատակվել է Պրիգոժինի ֆինանսավորած «Համացանցի հետազոտությունների գործակալությունը»:

Դրա աշխատակիցները՝ «թրոլները», զօրուգիշեր Facebook-ում բացել են էջեր, դրանք ողողել քաղաքական սադրիչ ստատուսներով, կազմակերպել կեղծ բանավեճեր և տեղադրել որոշակի ուղղվածության քաղաքական գովազդ:

Այդ ակտիվության նպատակն ամերիկյան հանրության շրջանում զանազան տեսակի, այդ թվում՝ ռասայական տարաձայնությունների հրահրումն էր:

Իսկ արդեն 2016-ի նախընտրական արշավի վերջին ամիսներին նկատելի է դարձել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու և հանրապետական Դոնալդ Թրամփին անուղղակի, երբեմն էլ ուղղակի սատարելու միտումը:

«Թրոլները», որոնց կարելի է անվանել «ինտերնետ-սադրիչներ», որպես կանոն երիտասարդներ են, անգլերենին վարժ տիրապետող և քաղաքական անցուդարձին հետևող մարդիկ, որոնք վարձատրվել են իրենց հեղինակած ստատուսների և վարած «բանավեճերի» համար:

Միացյալ Նահանգների անվտանգության ծառայությունները մի քանի առիթներով նախազգուշացրել են, որ ռուսները, իրանցիները և չինացիները մտադիր են միջամտել 2020-ի նախագահական ընտրություններին և, ըստ էության, արդեն դա սկսել են:

Այդ ակտիվությունը հավանաբար կաճի հաջորդ տարվա գարնանը և ամռանն ու կիզակետին կհասնի հոկտեմբերին և նոյեմբերին:

Ռուսներն արդեն արձագանքել են Instagram-ում մեծ թվով օգտահաշիվներ սառեցնելու Facebook-ի որոշմանը:

«Ցուկերբերգը պնդում է, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը միջամտում են 2020 թվականի ընտրությունների նախապատրաստմանը: Ահա և «ֆեյք նյուզ» սոցցանցերում: Էժան և որակով», - Facebook-ում դառնացած գրել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Մինչդեռ, Մարկ Ցուկերբերգը, չմանրամասնելով, հայտնել է, որ ընկերությունն արդեն ունի օտարների միջամտությունը խափանելու գործիքակազմ:

XS
SM
MD
LG