Մատչելիության հղումներ

Ռուսներն ԱՄՆ ընտրություններին միջամտելիս վճարել են նաև ռուբլով


ԱՄՆ ընտրություններին ռուսների միջամտության հարցով հետաքննության ղեկավար Ռոբերտ Մյուլերը, արխիվ:
ԱՄՆ ընտրություններին ռուսների միջամտության հարցով հետաքննության ղեկավար Ռոբերտ Մյուլերը, արխիվ:

ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը ստացել է սոցցանցերի տվյալների վերլուծության հիման վրա պատրաստված զեկույց 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության մասին:

Ըստ The Washington Post պարբերականի, զեկույցը կազմել են Օքֆորդի համալսարանի և համացանցային հետազոտություններ անցկացնող Graphika ընկերության փորձագետները: Փաստաթուղթն ամբողջությամբ կհրապարակվի այս շաբաթվա ընթացքում:

Զեկույցի համար օգտագործվել են Facebook, Twitter և Google ընկերությունների 2016 թվականի և 2017-ի առաջին կիսամյակի տվյալները:

Փորձագետները վերլուծել են Ինտերնետ հետազոտությունների գործակալության (Агентство интернет-исследований) աշխատանքը: Այդ գործակալությունը հայտնի է նաև «Թրոլների ֆաբրիկա» անունով և, ըստ արևմտյան աղբյուրների, պատկանում է նախագահ Վլադիմիր Պուտինի զինակիցը համարվող գործարար Եվգենի Պրիգոժինին:

Բացի այդ, ամերիկացի փորձագետները հետազոտել են ռուսական «բոթերի» և ֆեյք-օգտահաշիվների աշխատանքը:

Վերլուծության համաձայն, ռուսների հսկայածավալ համացանցային արշավի նպատակն էր սատարել ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին:

Սոցիալական ցանցերում միլիոնավոր գրառումների ամփոփումը վկայում է, որ ռուսների ակտիվությունն ամեն անգամ համընկել է Միացյալ Նահանգներում քաղաքական առանցքային իրադարձությունների՝ նախընտրական բանավեճերի և կուսակցությունների համագումարների անցկացման հետ:

Ըստ զեկույցի, ռուսների ուղղակի միջամտության մասին է վկայում մի խոսուն փաստ՝ սոցցանցերում տեղադրվող քաղաքական նշանակության գովազդի համար վճարումները փոխանցվել են ռուսական բանկային հաշվեհամարներից, ընդ որում՝ երբեմն հենց ազգային տարադրամ ռուբլով, իսկ վճարումների գրանցման նպատակով նշվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող հեռախոսահամարները:

IP-ների (ինտերնետ-պրոտոկոլների) հասցեները գտնվել են Սանկտ Պետերբուրգում, որտեղ գործում է Պրիգոժինի «Թրոլների ֆաբրիկան»:

Անցյալ տարվա աշնանը Facebook-ը բացահայտել է ամերիկյան ընտրություններին «Թրոլների ֆաբրիկայի» միջամտության վկայությունները՝ հայտնաբերելով մոտ 500 կեղծ գրանցումներ և կեղծ էջեր, որոնք տարածել են քաղաքական նշանակության գովազդ, իսկ դրանց ամբողջ կառավարումն իրականացվել է Ռուսաստանի տարածքից:

Ըստ Facebook-ի, այդ գովազդը Միացյալ Նահանգներում դիտել է առնվազն 10 միլիոն օգտատեր:

Միացյալ Նահանգների իրավապահները շարունակում են 2016-ի ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հանգամանքների հետաքննությունը:

Հատուկ դատախազի կարգավիճակ ունեցող Հետաքննությունների դաշնային գործակալության նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը փորձում է պարզել, թե արդյոք Դոնալդ Թրամփի նախընտրական թիմը ռուսների հետ ներքաշվել է գործարքի մեջ դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի դիրքերը թուլացնելու նպատակով:

Ինքը Թրամփն այդ ռուսական միջամտության հարցով քննությունն անվանում է «վհուկաորս» և հավաստիացնում է, որ Մոսկվայի հետ շահերի բախում չի եղել:

Մոսկվան, բնականաբար, կտրականապես հերքում է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG