Մատչելիության հղումներ

Մյուլեր. «Ռուս հաքերները փորձում են վարկաբեկել հետաքննությունը»


ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, արխիվ, Վաշինգտոն:

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն ասել է, որ ռուս հաքերները գողացել և հրապարակել են 2016 թվականի նախագահական ընտրույուններին Մոսկվայի միջամտությանն առնչվող նյութերը:

Մյուլերի գրասենյակը հաղորդել է, որ Twitter-ում գրանցված @HackingRedstone էջը պարծանքով հայտնել է, թե կարողացել է գողանալ վկայությունները, որոնք կապ ունեն ընտրություններին միջամտելու մեջ կասկածվող մի ընկերությանը ներկայացված մեղադրանքի հետ:

Խոսքը Concord Management and Consulting LLC (սահմանափակ պատասխանատվության) ընկերության մասին է, որը, ըստ ամերիկացի քննիչների, ֆինանսավորել է ընտրություններին միջամտելու նպատակով ռուսների վարած քարոզարշավը:

«Մենք մուտք ենք գործել հատուկ դատախազ Մյուլերի վարած քննության տվյալների բազա, երբ կոտրել ենք ռուսական «թրոլի» մասին տեղեկություններ պարունակող սերվերը», - անցյալ տարվա հոկտեմբերի 22-ին Twitter-ում հայտնել էին հաքերները:

Ելնելով հետաքննության շահերից, Մյուլերի գրասենյակը միայն երեկ է հրապարակել տեղեկությունը հաքերային գրոհի ենթարկվելու մասին և այդ փաստով դատական հայց է ներկայացրել Վաշինգտոնում:

Ըստ քննիչների, ռուս գործակալներն աղավաղել և հրապարակել են հաքերային գրոհով գողացած ապացույցները՝ նպատակ ունենալով վարկաբեկել հետաքննությունը:

Concord ընկերությունը մեկն է երեք կազմակերպություններից և 13 ֆիզիկական անձանցից, որոնք 2018 թվականի փետրվարին Մյուլերի քննիչների կողմից հեռակա կարգով մեղադրվել են 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն տարածելու և այդ միջոցով ընտրություններին միջամտելու մեջ:

Այդ ցանկում են Համացանցի հետազոտությունների գործակալությունը, որը հայտնի է «թրոլների ֆաբրիկա» անվամբ, Concord Management and Consulting-ը և դրա դուստր ընկերություն Concord Catering-ը:

Concord-ները ֆինանսավորում են «թրոլների ֆաբրիկան» և պատկանում են գործարար Եվգենի Պրիգոժինին:

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց թվում գտնվող Պրիգոժինը մի շարք ռեստորանների և շինարարական կառույցների սեփականատեր է, դասվում է նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ բարեկամների շարքը և նույնիսկ ունի «Պուտինի խոհարար» մականունը:

Մոսկվան արդեն արձագանքել է Մյուլերի գրասենյակի երեկվա հայտարարությանը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, թե ինչ-որ անհայտ ռուս հաքերներին հերթական անգամ մեղադրելն ունի բացառապես քաղաքական նպատակ:

«Երբ խոսքը հատուկ դատախազի և բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, մի հետաքննության մասին, որն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, վատ չի լինի ասել, թե ովքեր են այդ հաքերները, տալ անուններ, տվյալներ, ժամկետներ, այլ ոչ թե շրջանառության մեջ դնել անանուն և չփաստարկված տեղեկատվություն, և ընդհանրապես ժամանակն է հրաժարվել «ռուս հաքեր» վերացական եզրույթից և դրա փոխարեն ներկայացնել կոնկրետ տեղեկություններ», - ասել է Զախարվան:

Ըստ ամերիկացի քննիչների, ապատեղեկատվություն տարածող էջի IP-ն (internet-protocol, գրանցման վայրը) ռուսաստանյան է:

Նրանք պնդում են, որ ռուսական այդ կառույցներն առնվազն 2014 թվականից են սկսել հակաամերիկյան հաքերային գործունեությունը:

Մոսկվան կտրականապես հերքում է ամերիկյան ներքաղաքական կյանքին միջամտելու մեղադրանքը:

Դոնալդ Թրամփը Մյուլերի վարած քննությունն անվանում է «վհուկաորս», հավաստիացնում է, որ ռուսների հետ շահերի բախում երբևէ չի եղել, և պնդում է, որ ինքն ազնիվ պայքարում է ընտրվել Ամերիկայի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG