Մատչելիության հղումներ

Երևանը մեր ժողովրդի միասնության սիմվոլն է․ վարչապետ


«Երևանը ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության սիմվոլն է», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Էրեբունի-Երևանի 2801-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

«Երևի սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է։ Եվ սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետև Երևանի ամեն քար իր մեջ ներառում է մեր ազգային երազանքների մի կտոր։ Ժամանակակից Երևանը, այն Երևանը, որ այսօր մենք ունենք, սկսել է կառուցվել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը, թվում էր, դրանից ընդամենը տարիներ առաջ հայտնվել էր ոչնչացման եզրին։ Եվ ամեն քարի հետ մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, ողնաշարն էր ուղղվում, ոտքերն էին ամրանում, և ամեն շենքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակությունը, ամեն շենքի հետ մեր ժողովուրդը մտածողության նոր կերպ և նոր ձև էր գտնում և սահմանում ինքը իր համար», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եվ ես համոզված եմ, որ Երևանը իր ճարտարապետությամբ, իր քաղաքաշինությամբ կանխորոշել է մեր ժողովրդի նոր մտածողությունը, ապագայի մտածողությունը, որը ոչնչացման եզրին հասած ժողովրդին կարողացել է վերափոխել նոր ժամանակների համար, պատրաստել հաղթանակների, քաղաքական, տնտեսական, ռազմական հաղթանակների»։

«Երևանի այս օրը չեմ կարող չհիշատակել ժամանակակից Երևանի իսկական հեղինակին, մեր մեծերից մեկին՝ Ալեքսանդր Թամանյանին։ Եվ ես կարծում եմ, որ այսօրվա Երևանը, մեր սերը Երևանի նկատմամբ նաև մի հարգանքի իսկական տուրք է Թամանյանին և բոլոր նրանց, ովքեր կանխորոշել են, ստեղծել են նոր Երևանի կերպարը», - նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ Երևանը նաև հայահավաք գործառույթ է ունեցել։ «Այսօր երկու նշանավոր մարդկանց շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Երվանդ Մանարյանը ծնվել է արտերկրում, սփյուռքում, վերադարձել է Հայաստան, այստեղ գործունեություն ծավալել։ Պարոն Պիոտրովսկին ծնվել է Երևանում և հիմա ղեկավարում է աշխարհի ամենանշանավոր թանգարաններից մեկը, որի հիմնադրման գործում շատ կարևոր և մեծ ներդրում է ունեցել մեր մյուս հայրենակիցը՝ Հովսեփ Օրբելին։ Երևանն այսպիսի քաղաք է, Երևանը հավաքել է բոլոր տեղերից։ Երևանը հավաքել է Հայաստանի բոլոր գյուղերից և մարզերից։ Հայաստանում չկա այդպիսի բնակավայր, որից սերած բազմաթիվ քաղաքացիներ այսօր երևանցի կոչվելու պատիվը չեն կրում։ Չկա սփյուռքի որևէ համայնք, որում ծնված և որից սերող մեր բազմաթիվ հայրենակիցներ երևանցի կոչվելու այդ պատիվը չեն կրում», - հայտարարեց Փաշինյանը։

«Երևանը ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության, մեր ժողովրդի ամբողջականության, ինքնության սիմվոլն է», - ասաց վարչապետը: «Պատահական չէ, որ հենց Երևանից բացվում է մեր ժողովրդի համար ամենակարևոր տեսարանի ամենահաջողված ռակուրսը, և դա տեսարան է դեպի մեր Բիբլիական Արարատ սար։ Մենք բոլորս սիրում ենք Երևանը, և Երևանը սիրում է մեզ բոլորիս։ Եվ այս է պատճառը, որ ուր էլ գնանք, ուր էլ լինենք, մեր առաջին ձգտումն ու ցանկությունն է վերադառնալ այստեղ, վերադառնալ մայրաքաղաք, վերադառնալ Երևան, վերադառնալ և կրկին քայլել այն ճանապարհով, որ սկսվել է 2801 տարի առաջ և դեռ պիտի շարունակվի հազարամյակներ։ Շնորհավորում եմ մեզ այս դարակազմիկ տոնի և օրվա կապակցությամբ։ Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG