Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը ձախողեց․ ՍԴ-ն կառչել է դատավոր-անդամ եզրույթից․ Էդմոն Մարուքյան


Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի («Իմ քայլը») պնդմամբ՝ Ազգային ժողովի դիմումի քննությունը մերժելու Սահմանադրական դատարանի որոշումը անհիմն է:

Սուրեն Գրիգորյանը Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի հիմնական զեկուցողն էր․ - «Ես շատ անհիմն որոշումներ եմ տեսել և արդեն կարծում էի, որ անհիմնությամբ ինձ զարմացնել կամ ապշեցնել հնարավոր չի լինի, բայց Սահմանադրական դատարանի մոտ ստացվեց»:

Սահմանադրական դատարանը համարել է, որ Ազգային ժողովը դիմումը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ:

Գրիգորյանը հակադարձում է․ - «Ժամկետի խախտում չկա: Շատ պարզ պատճառով, որովհետև օրենքի կառուցվածքը հետևյալն է՝ Ազգային ժողովը դիմում է էական կարգապահական խախտմամբ: Էական կարգապահական խախտումը դա արարք է: Ազգային ժողովը դիմում է երկու շաբաթվա ընթացքում՝ այն պահից սկսած, երբ որ իմանում է կարգապահական խախտման մասին, ինչը նշանակում է՝ իմանում է արարքի մասին: Արարքը դա գործողություն է կամ անգործություն: Տվյալ դեպքում մենք ասել ենք, որ անգործություն է պարոն Թովմասյանի կողմից ամբողջ վարույթի ընթացքում, այսինքն՝ սկզբից մինչև վերջ, իր [մասնակցության] անհնարինության մասին չբարձրաձայնելը, չբարձրաձայնելը նաև Վագե Գրիգորյանի նամակից հետո, և այդ պայմաններում որոշման կայացմանը մասնակցելը: Վարույթն ավարտվել է՝ որոշմամբ ուժի մեջ մտնելով սեպտեմբերի 6-ին: Հիմա եթե Սահմանադրական դատարանը պնդում է, որ այս արարքների մասին մենք իմացել ենք հունիսին, ուրեմն երևի Սահմանադրական դատարանը մտածում է, որ մենք պայծառատես ենք»:

Ազգային ժողովի որոշման հիմքում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի թույլ տված էական կարգապահական խախտումներն էին: Այդ հիմքերից մեկը, որ խախտվել է բարձր դատարանի անաչառության սկզբունքը, ՍԴ նախագահի և Հանրապետական կուսակցության փոխկապակցվածությունն է, Թովմասյանի անդամակցությունը ՀՀԿ-ին, իսկ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը համընկնում են Մարտի 1-ի գործով:

Հիմքերից էր Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական կապի մասին չբարձրաձայնելը, սեփական անձի՝ վարույթից հեռացվելու հարց չբարձրացնելը: Սահմանադրական դատարանն այս հիմքերը չի քննել, դրանք քննության առարկա կդառնային՝ եթե դիմումը վարույթ ընդունվեր:

Սուրեն Գրիգորյան․ - «Սահմանադրական դատարանի ասածը հետևյալ է՝ Հրայր Թովմասյանը կարող էր, բացի աշխատակարգային որոշումից սկզբնական, այլ ժամանակ դրա մասին բարձրաձայներ, հետևաբար այն ժամանակվանից է հաշվարկվում: Կարևոր չէ այն ժամանակվանից եղե՞լ խախտում, թե՞ չէ: Սահմանադրական դատարանը պետք է քննության առներ մեր դիմումը»:

Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև դատավոր-անդամ ձևակերպմանը: Ազգային ժողովի դիմումում Հրայր Թովմասյանի կարգավիճակը նշվել է դատավոր (անդամ) ձևակերպմամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավոր (անդամ) եզրույթի կիրառումը չի համապատասխանում Ազգային Ժողովի Սահմանադրական դատարան դիմելուն վերաբերող սահմանադրական կարգավորումներին:

«Այս դիմումը որևիցե կերպ նախադրյալ չէր տալիս անդրադառնալու այն հարցին, թե Սահմանադրական դատարանում հիմա պաշտոնավորում են անդամներ և դատավորներ: Մի փորձեք այս մեր դիմումից հետևություն անել, որ մենք գտնում ենք, որ Սահմանադրական դատարանի դատավո՞ր է պարոն Թովմասյանը, թե՞ անդամ է: Այս վեճը լրիվ ուրիշ վեճ է, որը կապ չունի այս վարույթի հետ», ֊ ասաց Գրիգորյանը:

Դատավոր-անդամ կարգավիճակի տարբերության մասին առաջին անգամ բարձրաձայնեց Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը: Իր երդմնակալության օրը ԱԺ-ում նա հայտարարեց, որ նախկին Սահմանադրությամբ ընտրվածները, այդ թվում Հրայր Թովմասյանը, անդամի կարգավիճակ ունեն, դատավոր չեն, չեն կարող նիստեր հրավիրել որոշումներ ընդունել: Դատավոր են ինքն ու Արման Դիլանյանը: Հենց սրանով էլ բացատրել էր Բարձր դատարանի ճգնաժամը:

Ազգային ժողովը ՍԴ դիմելիս պետք է դատավոր եզրույթը հիշատակեր, մինչդեռ գործածել են դատավոր-անդամ ձևակերպումը, ինչը քննադատում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:

Իսկ «Լուսավոր Հայաստանը» կողմ էր քվեարկել ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագծին: «Բարգավաճ Հայաստանը» չէր մասնակցել քվեարկությանը:

էդմոն Մարուքյան․ - «Երբ որ դիմումը ներկայացվեց, մենք ասացինք՝ ահա, դուք ընդունել եք, որ բոլորը դատավոր են: Բայց իրենք չակերտների մեջ պահել են անդամ բառը նույնպես: Եվ Սահմանադրական դատարանի դատավորները կառչել են այս ձևակերպումից և ասում են՝ այստեղ անդամ չկա, դատավորներ են, եթե ուզում էիք դատավորի նկատմամբ իրականացնեիք գործընթաց, ուրեմն պետք է գրեիք դատավոր, իսկ եթե անդամի մասին եք գրել, մենք կապ չունենք, մենք չենք քննելու սա: Եվ երկու հիմքով մերժել են: Հիմա ունենք մերժում: Սա, կարծում եմ, մեծ ձախողում է»:

Մարուքյանի կարծիքով, Աժ-ն այլևս անելիք չունի Հրայր Թովմասյանի լիազրությունների դադարեցման հարցում․ - «Եթե էլի քայլ կա անելու, դա արդեն պետք է արվի սահմանադրական փոփոխությունների միջոցով: Մնացած բոլոր քայլերը, որոնք կնախաձեռնվեն հիմա, կարող են դիտարկվել որպես արդեն կոնկրետ հետապնդում կոնկրետ դատարանի նկատմամբ: Եվ մենք դրա պատճառով կարող ենք խնդիրներ ունենալ մեր միջազգային պարտավորությունների և գործընկերների առջև: Եվ հետևաբար, այս առումով ես կարծում եմ, որ խորհրդարանը իր գործիքակազմը սպառել է այս փուլում»:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իշխանության հաջորդ քայլերը հայտնի չեն:

Սուրեն Գրիգորյանը վստահեցրեց, որ քայլեր քննարկում են, բայց այս պահին չի կարող հստակ ճանապարհների մասին խոսել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG