Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը կստուգի՝ արդյոք Հրայր Թովմասյանը թաքցրել է իր ունեցվածքը


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ

Արդյո՞ք թաքցրել է իր ունեցվածքը Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը՝ կստուգի գլխավոր դատախազությունը:

Թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ իրավապահ ո՞ր մարմինը կգնա Թովմասյանի ունեցվածքի վերաբերյալ մամուլի հրապարակումների հետքերով, դատախազությունը լռում է:

Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների գործերը քննում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ինքը՝ Թովմասյանն «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հրապարակումներին, մասնավորապես այն պնդումներին, որ իր ողջ ունեցվածքը չի հայտարարագրել, իրեն պատկանող անշարժ գույքերից մի քանիսը գրանցել է կնոջ և քրոջ անունով, շուկայականից զգալի ցածր գներով բնակարաններ է գնել, ունեցվածքի մի մասը ձեռք է բերել արդարադատության նախարար եղած տարիներին՝ ասաց, թե հանրային ծառայող դառնալուց հետո իր եկամուտները միայն նվազել են։

«Իմ կնոջ քույրը, իմ կնոջ եղբայրը, իմ հորեղբայրը, իմ քեռու տղաները էս ժամանակահատվածում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս ոչ թե մեկ, երկու, երեք, այլ տասնյակ գույքեր են ձեռք բերել, եթե էդ տեսանկյունից նայենք, որ էդ բոլորը իմն է՝ տարածաշրջանի ամենահարուստ մարդկանցից մեկը կլինեմ։ Ինչ ունեմ ինձ բավարար է, եթե հետևեք իմ հայտարարագրերին, կտեսնեք, որ հանրային ծառայող դառնալուց հետո իմ եկամուտները միայն քչացել են, ես ասել եմ, որ մինչև պաշտոն ստանձնելը ես ունեցել եմ հայրական տունս չհաշված, որը ծնողներիս է, իրենք են ապրում, ունեցել եմ երեք բնակարան և մեկ առանձնատուն, և դրանցից երկու բնակարանն ու մեկ առանձնատունը վաճառվել է, գնվել է մեկ բնակարան», - ասաց Թովմասյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը մեծ հույսեր չունի, թե Հրայր Թովմասյանի այս պատասխանին իրավապահների լուրջ բացահայտումները կհաջորդեն՝ անգամ հիմքում ունենալով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարականը: Միայն ասաց՝ լավ է, որ դատախազությունն արագ արձագանքեց, բայց հարցնում է՝ ու՞ր էր դատախազությունն այսքան ժամանակ, ինչու՞ առայսօր այսպիսի խնդիրներով քրեական գործեր չկան հարուցված: Պնդեց՝ դատախազը պետք է ազատվի աշխատանքից։

«Տարի ու կես մենք բարձրաձայնում ենք խնդիրը, որ դատախազությունը զրո վստահություն ունի, գոնե այն պարզ պատճառով, որ նախկինում որևէ նման գործողություն չի արել դատախազությունը, առավելագույնը, ինչ որ տեղի է ունեցել, դա՝ հարուցվել են քրեական գործեր կամ նյութեր են նախապատրաստվել, հետո կարճվել են։ Մանր-մունր դեպքերի մասին չի խոսքը, իրական, մեծ, կոռուպցիոն ռիսկերի մասին է, իրական փողերի լվացման մասին է, բարձրացեք դեպի Մանումենտ ու տեսեք, թե ինչ շքեղ տներ են կառուցված, ամբողջ Երևանը խոսում է, թե ում են պատկանում այդ տները, և դատախազությունը եղել է անհաղորդ։ Ավելին ասեմ՝ խոսակցություններ էին պտտվում, դասական ասած՝ օդում պտտվող լուրերի համաձայն, նաև գլխավոր դատախազը ուներ ունեցվածք, որի մասին ինքը չէր էլ ուզում խոսել լրագրողների հետ, հետևաբար, թե ով ում պիտի ստուգի, թե ով ինչ կապակցվածություն է ունեցել, թե ով ում գործերը ծածկադմփոց է արել, ում շնորհիվ է, որ այս գործերը մինչև էսօր չեն բացահայտվել, արդեն ուղղակի ակնհայտ է», - ընդգծեց Կարապետյանցը։

Իրավապաշտպանն ասում է, որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում գրեթե ամեն ինչ նույնն է մնացել:

«Ազատության» հարցին՝ իշխանության կողմից ճնշումներ զգու՞մ է, Հրայր Թովմասյանը հստակ չպատասխանեց. «Դուք հետևո՞ւմ եք սոցիալական ցանցերին, եթե հետևում եք, ինքներդ հետևություն արեք՝ կան, թե չկան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG