Մատչելիության հղումներ

Բրյուսելի ու Լոնդոնի բանագնացները համաձայնեցրին «Բրեքզիթ»-ի նոր գործարքը


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ժամեր առաջ Թվիթերում գրել է, որ Բրիտանիայի և Եվրամիության բանագնացները համաձայնեցրել են «Բրեքզիթ»-ի գործարքը:

«Այնտեղ, ուր կամք կա, կա և գործարք, մենք ունենք այն: Դա արդար և հավասարակշռված համաձայնություն է Եվրամիության և Բրիտանիայի միջև և լուծումը գտնելու մեր հանձնառության վկայությունը: Ես առաջարկում եմ, որ Եվրոպական խորհուրդը հաստատի այն», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ «Բրեքզիթ»-ի «հրաշալի, նոր գործարքը ձեռք է բերվել»: «Եվ հիմա խորհրդարանը շաբաթ օրը պետք է ընդունի այն, որպեսզի կարողանանք անցնել մյուս առաջնահերթություններին՝ կենսամակարդակի ծախսերին, առողջապահությանը, քրեական հանցագործություններին ու բնապահպանությանը վերաբերող հարցերին», - նշել է Միացյալ Թագավորության վարչապետը:

Այս պահին հստակ չէ, թե արդյոք Բրիտանիայի խորհրդարանը կընդունի «Բրեքզիթ»-ի նոր պայմանները: Մինչ այս խորհրդարանը երեք անգամ մերժել է Լոնդոնի և Բրյուսելի միջև ձեռք բերված նախկին գործարքները:

Նոր համաձայնագիրը նաև պետք է հաստատեն Եվրամիության անդամ մյուս երկրները: Այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը: Հիմնական հարցերից մեկը «Բրեքզիթ»-ն է:

Երկու անգամ հետաձգված «Բրեքզիթ»-ի իրականացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է: Բորիս Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե համաձայնություն ձեռք չբերվի, միևնույն է, հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից: Խորհրդարանական ընդդիմությունը, նաև Ջոնսոնի կուսակցության մի շարք անդամներ համաձայն չէին այդ մոտեցմանը:

Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն Բրիտանիայում անցկացվել է 2016 ամռանը: Բրիտանացիների մեծամասնությունը կողմ էր քվեարկել «Բրեքզիթ»-ին:

XS
SM
MD
LG