Մատչելիության հղումներ

Ռասիստական սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Բուլղարիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահը


Բորիսլավ Միխայլով, արխիվ
Բորիսլավ Միխայլով, արխիվ

Բուլղարիա - Անգլիա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած ռասիստական սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Բուլղարիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Բորիսլավ Միխայլովը: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ՈՒԵՖԱ-ից պահանջում է նաև հետաքննություն սկսել աղմկահարույց միջադեպի կապակցությամբ, որը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպման ընթացքում:

Բուլղարացի երկրպագուները խաղի ժամանակ ռասիստական վանկարկումներ էին հնչեցրել Անգլիայի հավաքականի աֆրիկյան ծագում ունեցող խաղացողների հասցեին, տրիբունաներից պարբերաբար կապիկների բացականչությունների նմանակումներ էին լսվել:

ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ առաջին դադարի ժամանակ մարզադաշտում հայտարարություն էր հնչել ռասիստական դրսևորումների անթույլատրելիության կապակցությամբ, երկրորդ դադարից հետո Անգլիայի հավաքականի խաղացողները որոշել են ավարտին հասցնել հանդիպումը, որն ավարտվել է Բուլղարիայի նկատմամբ ջախջախիչ հաղթանակով՝ 6:0 հաշվով:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահը հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է սեփական հետաքննությունը սկսել, որին կհաջորդեն բուլղարական հավաքականի նկատմամբ կարգապահական միջոցառումներ:

«Ցավոք, առաջին անգամը չէ, երբ մեր խաղացողները նման վիրավորանքների են ենթարկվում, նման վարքագիծը տեղ չունի հասարակությունում, էլ չենք խոսում արդեն ֆուտբոլի մասին», - հայտարարել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան:

Բուլղարիայի հավաքականի մարզիչ Կրասիմիր Բալակովը, իր հերթին, անգլիացի երկրպագուներին է մեղադրել անհարգալից պահվածքի համար՝ պնդելով, թե նրանք աղմկել և սուլել են, երբ հնչում էր բուլղարական օրհներգը: «Անձամբ ես չեմ լսել ռասիստական վանկարկումներ անգլիացիների հասցեին», - նաև վստահեցրել է բուլղարացի մարզիչը:

Այս աղմկահարույց միջադեպի պատճառով Բուլղարիայի հավաքականին այժմ հերթական պատժամիջոցն է սպառնում՝ թիմը կարող է զրկվել հավաքած միավորներից և հեռացվել ընտրական փուլից․ Բուլղարիան այս պահին 3 միավորով զբաղեցնում է A խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:

Սա բուլղարացի երկրպագուների մասնակցությամբ առաջին ռասիստական սկանդալը չէ, անցած հունիսին նմանատիպ միջադեպեր էին տեղի ունեցել Կոսովոյի, ապա՝ Չեխիայի հետ խաղերի ժամանակ:

XS
SM
MD
LG