Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետը


Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա, հոկտեմբեր, 2019թ․
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա, հոկտեմբեր, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով այսօր Երևան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան. սա նրա առաջին այցն է Հայաստան՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Պաշտոնական աղբյուրները նշում են, որ մեկօրյա այցի ընթացքում Գախարիան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, ինչից հետո էլ վարչապետները կպատասխանեն լրագրողների հարցերին:

Իսկ հարցերը, ամենայն հավանականությամբ, կվերաբերեն ոչ միայն Լարսի միջանցքին, որը Հայաստանը արտաքին աշխարհին կապող հիմնական ճանապարհն է, այլև երկկողմ առևտրատնտեսական կապերին ու Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների ճակատագրին:

Առայժմ օդում կախված է մնում նաև Վրաստանի տարածքով ցորենի փոխադրման վրա անցած տարի սահմանված, բայց այդպես էլ չկիրառված արգելանքը: Վրաստանի ֆինանսների նախարարության այդ որոշմամբ՝ ալյուրի ու եգիպտացորենի տարանցումը երկրի տարածքով պետք է իրականացվեր միայն երկաթուղային և ծովային տրանսպորտով: Բեռնափոխադրողները զգուշացրել էին, որ դա անխուսափելիորեն կբերի Հայաստան ներկրվող հացահատիկի թանկացմանը, երկկողմ բանակցություններից հետո Թբիլիսին համաձայնել էր որոշման կիրառումը հետաձգել մինչև այս տարեվերջ: Վերջնական որոշում այս հարցի շուրջ դեռ չկա, ինչն էլ, թերևս, կդառնա բանակցությունների առարկա:

Երկկողմ հարաբերություններում ևս մեկ խնդիր էլ ի հայտ եկավ նախօրեին, երբ հայաստանցի մի խումբ լրագրողներ հայտարարեցին, թե վրացի սահմանապահները թույլ չեն տվել իրենց Վրաստան մտնել՝ պահանջելով հավատարմագիր ու հարցազրույցի թույլտվություն ներկայացնել: Երեկ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, թե պաշտոնական Երևանը տեղյակ է խնդրին և բացատրություններ է ակնկալում վրացական կողմից:

«Վրաստանում մեր դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել վրաց գործընկերների հետ, խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները և խնդիրը ներկայացվել են Վրաստանի ԱԳՆ: Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը, և երբ որ դա տրվի, արդեն Վրաստանում մեր դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ», - ասաց Նաղդալյանը:

Մինչ հայաստանյան այցը Գիորգի Գախարիան մեկնել էր Ադրբեջան, նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը պնդել՝ «Ադրբեջանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել եղբայրաբար ու բարեկամաբար»: Հայաստանյան այցից հետո էլ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, նա կմեկի Թուրքիա, ապա՝ Բրյուսել:

Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի սկզբին, մինչ այդ նա երկու անգամ եղել է Հայաստանում՝ 2017-ին՝ Էներգետիկայի նախարարի, 2018-ին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում:

XS
SM
MD
LG