Մատչելիության հղումներ

Այսօր Երևան է ժամանում Վրաստանի վարչապետը


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

Այսօր պաշտոնական այցով Երևան կժամանի Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի ու խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ:

Սա երկու հարևան պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է: Թեև պաշտոնը ստանձնելուց շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Վրաստան, սակայն այդ ժամանակ կառավարության ղեկին էր Գիորգի Կվիրիկաշվիլին, ով հրաժարական է ներկայացրել անցած հունիսին: Նրա հետ բանակցություններից հետո Փաշինյանը հայտարարել էր, թե երկու կողմում էլ հարաբերությունները զարգացնելու մեծ ցանկություն է տեսնում:

«Մենք եկել ենք այսօր այստեղ՝ կոնկրետ հեռանկարներ բացելու, կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորությունը ստեղծելու համար: Ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, և այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության շահերից: Մենք համոզված ենք, որ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան», - ասել էր Հայաստանի վարչապետը:

Կողմերը վերջին շաբաթներին ակտիվ բանակցում էին Վրաստանի տարածքով Հայաստան ալյուրի ու եգիպտացորենի տարանցման շուրջ: Բանն այն է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից ալյուրի ու եգիպտացորենի ներմուծումը Վրաստանի մաքսային տարածք և արտահանումը հնարավոր է միայն երկաթուղային և ծովային տրանսպորտով, ինչը, ըստ բեռնափոխադրողների, անխուսափելիորեն բարձրացնելու է Հայաստան ներկրվող հացահատիկի գինը՝ շղթայաբար բերելով նաև այլ ապրանքների թանկացման: Հայկական կողմի մտահոգություններից հետո հաղորդվեց, որ Վրաստանը գրեթե մեկ երրորդով նվազեցրել է Հայաստան ցորեն տեղափոխելու երկաթուղային սակագինը: Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, սակայն, որոշումը ժամանակավոր բնույթ ունի՝ գործելու է մինչև 2019 թվականի վերջը, ուստի ակնկալվում է, որ կողմերը կանդրադառնան դրան Վրաստանի վարչապետի երևանյան այցի ժամանակ:

Ի դեպ, սա Մամուկա Բախտաձեի երկրորդ պաշտոնական այցն է Վրաստանի վարչապետի պաշտոնում: Ավելի վաղ՝ օգոստոսի վերջին, նա մեկնել էր Բաքու, որտեղ նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, թե Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են և օրինակելի գործընկերներ, որոնք մի շարք պատմական նշանակության տարածաշրջանային նախագծեր են իրականացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG