Մատչելիության հղումներ

Կարապետյան․ Ալիևն ստացավ արժանի պատասխանը


Ադրբեջանի նախագահը ուրբաթ օրը Աշխաբադում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով հանդիպման ժամանակ Հայաստանին մեղադրեց «ֆաշիզմը հերոսացնելու» մեջ, քանի որ Հայաստանի նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են Գարեգին Նժդեհի արձանը, և այն դեռ տեղում է:

Նույն նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքեց Իլհամ Ալիևին, մասնավորապես ասելով՝ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ում հետ Կարլեն Ասլանյանը զրուցել է այս բանավեճի, Հայաստան-Արցախ հարաբերությունների և այլ թեմաների շուրջ:

Ստորև՝ հատվածներ հարցազրույցից․

Վլադիմիր Կարապետյան․ - Ալիևը ստացավ արժանի պատասխանը, և առհասարակ, դիվանագիտության մեջ էդ ընդունված ձև է՝ եթե դու ունես հնարավորություն պատասխանելու, պատասխանը շատ ավելի հուժկու և ազդեցիկ կարող է լինի: Այսինքն՝ մի քանի առումներով Ալիևը սխալվեց, ու ես ափսոսում եմ, որ նման իրավիճակ ստեղծվեց: Բայց կարող եմ ասել, որ դրանից հետո անմիջապես ընդլայնված կազմով նիստն էր, որին հաջորդեց ճաշը, որի ընթացքում տեղի ունեցավ շփում՝ շուրջ երկու ժամ, և կարծես թե Ալիևը դուրս էր եկել այդ իրավիճակից, նորմալ խոսեցին, վարչապետը բավականին արդյունավետ զրույց ունեցավ, ու կարողացան կարծես թե հարթել էդ բարդույթը, որը առաջացել էր:

«Ազատություն»․ - Վկայակոչելով հանրապետականներին՝ ես ասեմ հետևյալը, որ Սերժ Սարգսյանի օրոք Ալիևը չէր հանդգնի նման բան անել, մեկ, կամ էլ հակառակը՝ որ Փաշինյանի այս կոշտ պատասխանը ճիշտ և ճիշտ Սերժ Սարգսյանի ոճով էր, նա էլ էր այդպես անում:

Կարապետյան․ - Ես, ճիշտն ասած, չեմ կարող մտաբերել, որ Սերժ Սարգսյանը նման կերպ իրեն դրսևորեր: Առհասարակ, այն զիջումները, որ ինքը գնացել էր, այն կեցվածքը, որ մենք ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, այն, որ Ալիևը այդքան իրեն հանդուգն պահեց ու այդքան իրեն ինքնավստահ զգաց, որ հարձակում գործեց 2016 թվականի ապրիլին, դա նաև քաղաքականության արդյունքն է, կամ ուժերի բալանսի արդյունքն է, կամ տպավորության՝ ավելի վատ, տպավորության, որ Ալիևը ունեցավ և գնաց դրան:

«Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանում է այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստանում»

Կարապետյան․ - Ղարաբաղի ժողովուրդը ամբողջությամբ պաշտպանում է այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստանում, նրանք հետևում են, երբեմն նաև, սենց, կա ցանկություն, որ նույն տեմպով էլ նաև բարեփոխումները ընթանային․․․

«Ազատություն»․ - Կներեք, իսկ իշխանություննե՞րը:

Կարապետյան․ - Իսկ իշխանությունները, թերևս՝ նաև պայմանավորված նախընտրական տրամաբանությամբ, նախընտրական փուլը բարեփոխումների գնալու ամենահարմար ժամանակը չի, նամանավանդ՝ մենք գիտենք, որ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին, ես շատ ուրախ կլինեի, որ ինքը կենտրոնանար իսկապես ապահովելու այնպիսի դաշտ, որը կերաշխավորեր ազատ և արդար ընտրությունները, նաև՝ ընտրապայքարը, նաև՝ բոլորի համար հավասար դաշտը: Նաև՝ անհասկանալի նման կեցվածքը, որ թեկնածուներից մեկը ցուցաբերում է Հայաստանի իշխանությանը, դա անլրջության գագաթնակետն է, ես ասեցի, որ իրավապահները պետք է զբաղվեն:

«Եվրոպայում, Վենետիկի հանձնաժողովում կա խորը գիտակցություն, թե ինչ վիճակում է Հայաստանը հայտնվել»

Կարապետյան․ - Այն, որ մենք բազմիցս ասել ենք՝ Եվրոպան, բոլոր եվրոպական ինստիտուտները, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը, ի հեճուկս այն ջանքերի, որ Հանրապետական կուսակցության մնացորդները, համակիրները, չգիտեմ ինչ ասեմ, ունեն կապեր և փորձում են Հայաստանի դեմ այսօր քայլեր անել, ի հեճուկս դրան՝ Եվրոպայում և մասնավորապես Վենետիկի հանձնաժողովում կա խորը գիտակցություն, թե ինչ վիճակում է Հայաստանը հայտնվել, և ինչ պետք է մենք անենք, որպեսզի արագ շարժվենք բոլոր ուղղություններով, որ մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմներ լինեն, որոնք իսկապես ապահովեն ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը Հայաստանում: Այն համակարգը, այն հնից մնացած համակարգները, որոնք այսօր խանգարում են, նրանք պետք է փոխվեն, նրանք պետք է համապատասխանեն այն արժեքներին, որ հռչակել է իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Կիրակնօրյա վերլուծականի» հոկտեմբերի 13-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG