Մատչելիության հղումներ

«Վարչապետի արձագանքը ոչ միայն համարժեք էր, այլև՝ շատ տեղին». պատգամավոր


Ամեն անգամ, երբ Ադրբեջանը փորձի միջազգային հարթակները «փոխհրաձգության» վերածել կհայտնվի, նման անհարմար իրավիճակում «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով այսօր ԱՊՀ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքին Նժդեհի մասին Ալիևի արված մեկնաբանությանն, ասաց Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Հիշեցնում է՝ Ալիևը ավելի վաղ ասել էր, որ պատրաստվում է Փաշինյանին արձագանքել միջազգային հարթակում, որպեսզի իր ձայնը հնարավորինս լսելի լինի:

«Ըստ էության, բավականին հիմար իրավիճակ ստեղծելով իր իսկ համար այդ հայտարարությամբ, կարծես թե ինչն է իրեն խոչընդոտում, եթե ունի արձագանքի անհրաժեշտություն, կարող է բազմաթիվ ելույթներ ունենալ իր երկրի ներսում և արձագանքել։ Փաստացի ինքը փորձում է, ես չէի ցանկանա այդ բառը օգտագործել, բայց կարծես թե ինքնահաստատվել միջազգային հարթակներում», - ասաց Հայրապետյանը։

Ալիևը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և մյուս երկրների ղեկավարների մոտ Հայաստանին մեղադրեց ֆաշիզմը հերոսացնելու մեջ: ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նկատում է՝ պատահական չէր նաև վայրի ընտրությունը, հակառակորդ պետության նախագահը շատ լավ հասկանում է Ռուսաստանի ստրատեգիական նշանակությունը և Հայաստանում այս հարցի վերաբերյալ հանրային ընկալումները։

«Ես կարծում եմ՝ վարչապետի արձագանքը ոչ միայն համարժեք էր, այլ նաև շատ տեղին էր՝ հիշեցնելով ևս մեկ անգամ մեր հակառակորդ հարևանին, թե որ խնդիրը մեր մեջ է, որ խնդրի լուծողները մենք ենք և կարիք չկա ամեն հարթակ անպատեհ կերպով օգտագործել քարոզչական նպատակներով, դա մենք նաև մեր հերթին փորձում ենք անել միջազգային հարթակներում խորհրդարանական դիվանագիտություն, որտեղ ներկայացված ենք։ Ինքը փորձում է միջազգային հարթակներում հանդես գալով ինչ-որ դիվիդենտներ շահել, նաև նշեմ, որ ինքը մեծապես քննադատվեց ՄԱԿ-ում ներկա չլինելու համար, ընդդիմադիր որոշ գործիչներ նշում էին, որ նախկինում գոնե գնում էր, ելույթ էր ունենում, այժմ դա էլ չի անում և այդ ֆոնի ներքո, ըստ էության փորձում է լրացնել դա», - նշեց Հայրապետյանը։

Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Ալիևի քայլը սադրանք և անգրագիտություն որակեց, ասելով, թե նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ծանոթ չի իր երկրի պատմությանը:

«Գիտեք ծիծաղեին որն էր, նա էր, որ մի պետության ղեկավար, խոսքը Ալիևի մասին է, որը բացահայտ կառուցված է ֆաշիստական տրամաբանության մեջ հակահայկական տրամաբանության մեջ, որը հերքում է ցեղասպանությունները Մարաղայում, Բաքվում, Սումգայիթում, որը ոչնչացնում է հայկական կոթողները՝ սկսած Ջուղայի տասնյակ հազարավոր խաչքարերից, որտեղ նույնիսկ «յան» ազգանունը արդեն իսկ հանցագործություն է, փորձում է իրա բերանը բացել և արտաբերել նացիստներին դատապարտող կամ մեզ մեղադրելով նացիզմի սատարման մեջ», - ասաց Աբովյանը։

Փաշինյանի պատասխանը Ալիևին ողջունել է նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ:

Այս թեմայով գրառումներ էին կատարել նաև նախկին իշխանության՝ ՀՀԿ ներկայացուցչները, ովքեր համարում են, որ իրենց կուսակցության գաղափարախոսության հիմքում Գարեգին Նժդեհի ուսմունքն է:

Մասնավորապես ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը գրել է․ «Հայաստանում նախկիններին դեմոնիզացնելու հետևողական արշավից ոգևորված՝ Ալիևը առիթավորվել էր, սևացնելու փորձ անելով Գարեգին Նժդեհին և մեղադրելով Հանրապետական կուսակցությանը։ Նիկոլի պատասխանը տեղին էր։ Երբ մի կողմ է դրվում ներքաղաքական օրակարգը և առաջ է տարվում պետականը։ Տեսնենք, օրինաչափ կլինի սա, թե ոչ ...»

Ի դեպ՝ ելույթի ուղիղ հեռարձակման ընթացքում տեխնիկական խնդիր էր առաջացել՝ նախ էկրաններից անհետացել էր պատկերը, իսկ հետո Փաշինյանի հիմնական բարձրախոսը և հեռարձակման ձայնն ապահովվել էր միայն տեսախցիկի բարձրախոսի միջոցով:

Վարչապետի Մամուլի խոսնակը «Ազատությանը» փոխանցեց, որ այստեղ որևէ դիտավորություն իրենք չեն տեսնում:


XS
SM
MD
LG