Մատչելիության հղումներ

Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող ռազմական հարձակումը գործողությունների առաջին փուլն է. արևելագետ


Սիրիա, 11-ը հոկտեմբերի, 2019թ.
Սիրիա, 11-ը հոկտեմբերի, 2019թ.

Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններ, որի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան, ընդ որում՝ նաև քաղաքացիական բնակչության շրջանում, ձեռնտու է տարածաշրջանային գրեթե բոլոր խաղացողներին, այսպիսի կարծիք ունի արևելագետ Հայկ Քոչարյանը։ Նրա գնահատմամբ, այդ երկրներն այս հարցում որոշակի պայմանավորվածություն ունեն։

«Պայմանավորվածության շրջանակն այնպիսին է, որտեղ շահերի առնվազն ներգրավվածների մեծամասնության համար շահերը համընկնում է», - նշեց Հայկ Քոչարյանը։

Արևելագետի գնահատմամբ, Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող ռազմական հարձակումը գործողությունների առաջին փուլն է, և կախված այն հանգամանքից՝ դրանք կավարտվեն Թուրքիայի օգտին, թե՝ ոչ, կսկսվի երկրորդ փուլը։

«Կարելի է ենթադրել, որ սրա հաջորդիվ գործողությունները պետք է լինեն որոշակի թուրքական էլեմենտներ, որոնք կենտրոնացված են Սիրիայի մյուս հատվածներում, հավաքել մի տեղ», - ասաց Քոչարյանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այս գործողությունների նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմաններ»։

Հիշեցնենք, այս գործողությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Պենտագոնը սկսեց դուրս բերել ոչ մեծաթիվ ուժերը Սիրիայի այն հատվածից, որը գտնվում էր քրդերի հսկողության ներքո։

Արևելագետի գնահատմամբ, Թուրքիան Էրդողանի նշած նպատակից զատ, այսպիսով փորձում է նաև քրդական խնդիրը լուծել։

Այդուհանդերձ, ըստ Քոչարյանի, թուրքերին ինչ-որ չափով զսպում են գերտերությունների հայտարարությունները, որոնցում խոսվում է սահմաններ հատելու մասին։ Ըստ արևելագետի, չնայած թուրքական կողմի ռազմական գործողություններին, տարածաշրջանի անվտանգային պատկերն էապես չի փոխվի։

«Ուժեղանում են որոշակի շեշտադրումներ, մնացած տեսանկյունից անվտանգության միջավայրը նույնն էր, անվտանգ չէր», - ընդգծեց արևելագետը։

Հայկ Քոչարյանն ասում է՝ քրդական համայնքի մի հատվածն արդյունքում կճնշվի ու դիրքերը կզիջի։ Արևելագետի խոսքով, Սիրիայի հյուսիսում ապրող հայերը վտանգի մեջ են։

«Սա պետք է գիտակցել, և իմ կարծիքով՝ ճիշտ տարբերակներից մեկը այդ 30 կմ բուֆերային գոտու տրամաբանություն ունենալով մտքում, որը հայտարարում է՝ պետք է ստեղծվի, այդ գծից ներքև տեղափոխվել, որովհետև դա ակնհայտ է, որ լինելու է հիմնական թիրախային գոտին, որտեղ առաջիկայում գործողությունները զարգանալու են», - ասաց Հայկ Քոչարյանը։

Քոչարյանը պնդում է՝ այս փուլում ոչ ոք չի կարող ասել, թե Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական կողմի գործողությունները որքան կշարունակվեն։

XS
SM
MD
LG