Մատչելիության հղումներ

Սիրիայում ռազմական գործողության առաջին օրը Թուրքիայի ՊՆ-ն բարեհաջող է համարում


Սիրիա - Թուրքական բանակի կողմից ռմբահարվող Ռաս Ալ Այնի բնակիչները լքում են ավանը, 9-ը հոկտեմբերի, 2019թ․

Սիրիայի հյուսիսարևելյան սահմանամերձ շրջաններին թուրքական օդուժի և հրետանու ռմբակոծություններին հետևել է ցամաքային զորքերի ներխուժումը: Դեռ երեկ քրդական կազմակերպությունները հայտնեցին, որ թուրքական ավիահարվածներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել, մոտավորապես երկու տասնյակ մարդ վիրավորվել է:

Սահմանամերձ վայրերի բնակիչները շտապում են հեռանալ ռազմական գործողությունների շրջանից:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողության առաջին օրը բարեհաջող է համարել: Նախանշված թիրախները ոչնչացվել են, գործողությունը ընթացքի մեջ է, հայտնել է գերատեսչությունը:

Թուրքիայի ռազմական օդանավերը և հրետանին հարվածել են ավելի քան 180 թիրախների, ինչպես նաև գյուղական Ղամըշլու և Դերիկ շրջաններին: Ղամըշլիում ավիահարվածների թիրախն էր բանտը, որտեղ բանտարկված են «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների զինյալները: Սիրիացի քրդերի տեղական իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիան նման կերպ ակնհայտորեն փորձել է օգնել ահաբեկիչներին բանտից փախչելու համար:

Ինչ վերաբերում է ցամաքային գործողություններին, ըստ թուրքական կողմի տեղեկատվության՝ գիշերը թուրքական ուժերը սահմանամերձ սիրիական Թել Աբյադ քաղաքում 7 կիլոմետր առաջ են անցել:

Իսկ քրդերից և արաբներից կազմված Սիրիական ժողովրդավարական ուժերը (SDF) հայտարարել են, որ սահանամերձ գյուղերում ծանր բախումներ են ընթանում:

Երեկ նրանք դիմել էին միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Անկարայի ռազմական գործողությունը կհանգեցնի հումանիտար աղետի, ինչպես նաև «Իսլամական պետության» վերակենդանացմանը: Միջազգային կոալիցիային և ՄԱԿ-ին նրանք կոչ են արել Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտի ստեղծել:

2016 թվականից մինչ հիմա Սիրիայի տարածքում Թուրքիան երկու լայնածավալ ռազմական գործողություն է իրականացրել: Որպես այս նոր գործողության նպատակ Թուրքիան հայտարարում է իր սահմաններին ահաբեկչական սպառնալիքի վերացումն ու անվտանգության գոտու ստեղծումը: Թուրք-սիրիական ավելի քան 800-կիլոմետրանոց սահմանի զգալի մասը գտնում է քրդերի վերահսկողության տակ:

Ռազմական գործողության մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Անցած կիրակի Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Սպիտակ տունը հայտարարեց Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, իսկ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանը խոսել է հարձակումը սկսվելուց ժամեր առաջ:

ԱՄՆ-ում հանրապետականներ ու դեմոկրատներ ներառող մի խումբ սենատորներ առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Էրդողանի հանդեպ: ԱՄՆ-ի նախագահի քաղաքական հակառակորդները Դոնալդ Թրամփին մեղադրում են քրդերին դավաճանելու համար:

Թրամփի կուսակցության անդամ, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը համարել է նրա նախագահության ամենամեծ սխալը: Թրամփը պաշտպանել էր իր որոշումը՝ ասելով, թե ամենամեծ սխալը ԱՄՆ-ի միջամտությունն էր Մերձավոր Արևելքի հակամարտությանը, և ինքը ձգտում է այնտեղից դուրս բերել ամերիկացի զինվորներին: Ամեն դեպքում, երեկ նա «վատ գաղափար» է համարել Սիրիա ներխուժելու Թուրքիայի գործողությունը:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն պնդել է, որ Վաշինգտոնը երբեք հավանություն չի տվել այդ գործողությանը:

Այսօր փակ դռների հետևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում քննարկելու է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը:

XS
SM
MD
LG