Կրեմլի համոզմամբ, Միացյալ Նահանգները կարող է գործադրել իր ազդեցությունը և նպաստել ռուս - ուկրաինական վեճերի կարգավորմանը:
«ԱՄՆ-ը վստահաբար ունի Կիևի վրա ազդեցություն գործադրելու, հնարավորինս արագ Մինսկի համաձայնությունների կատարումն Ուկրաինային պարտադրելու հնարավորություն», - այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Միաժամանակ, Կրեմլի խոսնակը նշել է, որ Մոսկվան մտադիր չէ աջակցել «նորմանդյան ձևաչափին» Միացյալ Նահանգների միանալու գաղափարին:
«Նորմանդյան ձևաչափով» քննարկումներին երկրների ղեկավարների մակարդակով մասնակցում են Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Գերմանիան: Այդ ձևաչափով վերջին գագաթնաժողովը գումարվել է 2016 թվականի հոկտեմբերին:
Ռուսաստանը Ղրիմի թերակղզին բռնակցել է 2014 թվականին և սատարում է Ուկրաինայի արևելքում գործող ռուս անջատականներին:
Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղորդել է գործարքի մասին, որով արևելյան անջատական տարածքներում կանցկացվեն տեղական ընտրություններ:
Ուկրաինայի արևելքում 2014 թվականից ընթացող պատերազմում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:
Ռուսաստանի սերտ դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց Միացյալ Նահանգների ներգրավման:
«Ուկրաինայի առճակատումը սոսկ մարտահրավեր չէ, այն անհրաժեշտ է անպայման լուծել, դա հնարավոր է, եթե բոլորս ջանքեր գործադրենք, այլապես մենք կհավաքվենք, կխոսենք, բայց գործը տեղից չի շարժվի», - հայտարարել է Լուկաշենկոն: