Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի փաստաբանը շարունակում է պնդել՝ ԱԺ նախկին պատգամավորի առողջական վիճակը ծանր է


Մանվել Գրիգորյան, արխիվ
Մանվել Գրիգորյան, արխիվ

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը շարունակում է պնդել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորի առողջական վիճակը ծանր է։

«Երբ նժարի վրա դրված է անձի առողջությունը պետք է բարձրաձայնել այնքան, մինչև խնդիրը դառնա լուծելի։ Գործի հետ կապված յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստ է տեղի ունենում և յուրաքանչյուր երեքշաբթի օր բժիշկները արձանագրում են, որ Գրիգորյանը չի կարող ներկայանալ դատական նիստին։ Դա ևս խոշտանգման տիպիկ օրինակ է՝ բխող բոլոր իրավական հետևանքներով։ Մենք այդ բոլորը ուղարկում ենք ՄԻԵԴ։ Գործը որպես այդպիսին, յուրաքանչյուր օրվա կտրվածքով առողջության հետ կապված տեղի է ունենում բացասական դինամիկա և հենց դա է այդ նորությունը, որ մենք բարձրաձայնում ենք։ Դա է նորությունը, որ մենք բարձրաձայնում ենք ու ասում, որ անձի կյանքին վտանգ է սպառնում», - նշեց Լևոն Բաղդասարյանը։

Այժմ քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստացող Գրիգորյանը, փաստաբանների պնդմամբ, մի քանի տասնյակ հիվանդություններ ունի, այդ թվում՝ թոքի քաղցկեղ ու դիաբետ: Գրեթե յուրաքանչյուր դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացնում՝ փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը, որը, սակայն, մերժվում է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Մանվել Գրիգորյանին միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով 2 ամսից ավելի է, ինչ ձևավորվել է հանձնաժողով, որը մի շարք հարցերի պատասխաններ պետք է տա, մասնավորապես՝ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի՞ են կալանքի հետ, թե՞ ոչ։

Եզրակացությունը դեռևս պատրաստ չէ։ Սակայն օրեր առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, հայտարարել էր, որ նախկին պատգամավորը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահին առողջական վիճակը գնահատվում է կայուն, անհանգստանալու ոչինչ չկա։

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հենց ամենասկզբից մեր ուշադրության կենտրոնում է այն իմաստով, որ նախ մասնակցում ենք բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը օրենքով սահմանված կարգով, երկրորդը՝ քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիմնարկ տեղափոխվելուց հետո մշտական հսկողության տակ է նա գտնվում թե՛ կոնկրետ բժշկական հաստատության բժիշկների կողմից, թե՛ իր կողմից նախընտրած բժիշկների կողմից, նաև արտասահմանից բժիշկներ կան ներգրավված, որոնք որ անհրաժեշտության դեպքում խորհուրդներ են տալիս։ Վիճակը գնահատում ենք կայուն, անհանգստանալու հրատապ ոչինչ չկա», - հայտարարել էր Արսեն Թորոսյանը։

Ամիսներ շարունակ իր և կնոջ գործով դատական նիստերին առողջական խնդիրների պատճառով չներկայացող 63-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ:

XS
SM
MD
LG