Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատարան է ներկայացել հայաստանյան փորձագետ բժիշկը


Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, Երևան, 23-ը հուլիսի, 2019թ․

Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու միջնորդության շրջանակում այսօր դատարան էր ներկայացել պաշտպանական կողմից հրավիրված հայաստանյան փորձագետ Լուսինե Մամիկոնյանը։

Ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային փորձագետները պետք է մասնակցեն մեղադրյալի համար նշանակված միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը, որը պահանջել էր մեղադրող կողմը:

Դատարանը պարզաբանեց բժշկի իրավունքներն ու պարտականությունները, նախազգուշացրեց կեղծ եզրակացություն տալու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության մասին:

«Մեր վարույթում քննվող գործով ամբաստանյալներից մեկի՝ Մանվել Գրիգորյանի հետազոտությունները Դուք իրականացրե՞լ եք, առչնվե՞լ եք», - դատավոր Մնացական Մարտիրոսյանի այս հարցին փորձագետը դրական պատասխանեց․ - «Այո, այս տարվա փետրվար ամսին»: Այնուհետև ի պատասխան դատավորի մյուս հարցերի Լուսինե Մամիկոնյանը վստահեցրեց, որ ազգակցական կապ Գրիգորյանի հետ չունի, որևէ խնդիր, կախվածություն, խոչընդոտ, որը կարող է բացառել իր մասնակցությունը, առկա չէ․ - «Ծանոթ էլ չենք եղել»:

Դեռ հունիսի 18-ի նիստին մեղադրող դատախազները միջնորդություն էին ներկայացրել Մանվել Գրիգորյանին երկրորդ անգամ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար։ Դատախազ Վահե Դոլմազյանը նշել էր՝ փորձաքննությունը բխում է նաև Գրիգորյանի շահերից։

Փորձագիտական հանձնաժողովին առաջադրվել են մի շարք հարցեր, օրինակ՝ ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, հաշվի առնելով գեներալի մոտ առկա հիվանդությունները՝ դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում, թե՞ ոչ:

Մեղադրող կողմին ուղղված հարցին՝ արդյոք բացարկ ունի՞ փորձագետին, դատախազ Վահե Դոլմազյանը պատասխանեց՝ թեև փորձագետը հայտարարեց, որ ունի 18 տարվա աշխատանքային փորձ, սակայն դիրքորոշում հայտնելու համար իրենց անհրաժեշտ է նախ ծանոթանալ փորձագետի աշխատանքային փորձին վերաբերող փաստաթղթերին, քանի որ բանավոր հայտարարությունը ապացույց չի համարվում: Պաշտպանական կողմն ասաց՝ հաջորդ դատական նիստին կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը։

Դատավորը հորդորեց, որպեսզի հաջորդ նիստին ապահովվի պաշտպանական կողմի ներկայացրած նաև մյուս փորձագետների ներկայությունը՝ իրենց մասնագիտական հմտությունները հաստատող փաստաթղթերով։

Մի քանի ծանր հոդվածներով մեղադրվող Գրիգորյանն այսօր կրկին ներկա չէր իր և կնոջ գործով դատական նիստին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ հունիսից մինչ այժմ Գրիգորյանը բուժում է ստանում, դատարան գրություն է ուղարկվել այն մասին, որ մեղադրյալը նիստին չի կարող մասնակցել՝ առողջական խնդիրների պատճառով:

Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց՝ տևական ժամանակ է, ինչ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարանում է։ Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը սպասելով՝ անձին կալանքի տակ պահելը, պաշտպանական կողմի կարծիքով, անթույլատրելի է։

63-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Այսօր լրագրողների հետ զրույցում Նազիկ Ամիրյանը, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, միայն ասաց. «Դատական պրոցեսը գնում ա, եթե մեղադրող կողմը էդքան վստահ է, որ էդ ամեն ինչը ես կատարել եմ, թող դատարնում ապացուցեն»։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG