Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօրվա դատական նիստում դատավորը կրկին մերժեց Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ կալանքը մինչև 25 մլն դրամ գրավով փոխարինելու հերթական միջնորդությունը։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի պնդմամբ՝ կալանքը կրելու ընթացքում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ - «Մանվել Գրիգորյանը, պայմանավորված կալանքով, չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն, որով խախտվել է ոչ միայն Հայաստանի հիմնական օրենքն ու ներպետական օրենքները, այլ նաև խախտվել և անտեսվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցառում կայացնելու վերաբերյալ 1354/19 որոշման պահանջը՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ»:

Մանվել Գրիգորյանին Միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն ենթարկելու նպատակով ձևավորված հանձնաժողովի կազմում այսօր պաշտպանական կողմի միջնորդությամբ որպես փորձագետ ընդգրկվեց բժիշկ Նորբերտ Ավետյանը։ Վերջինս աշխատում է Ֆրանսիայում։ Ուռուցքաբան Ավետյանը 8 տարի բուժել է Մանվել Գրիգորյանին։

Դատախազ Հայկ Պետրոսյանի հարցին, թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է Մանվել Գրիգորյանի հետ, բժիշկ Ավետյանը պատասխանեց՝ մտերիմ են: Ասաց՝ բուժել է նաև Գրիգորյանի դստերը, 20 տարի է, ինչ ճանաչում է նրանց։

Դատախազը փորձագետին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց: - «Իմ գնահատմամբ, պարոն Նորբերտ Ավետյանը ունի նշված շահագրգռվածությունը, քանի որ հանդիսանում է ամբողջ ընտանիքի մտերիմ և ընտանիքի անդամներից մի քանիսին ցուցաբերել է բուժօգնություն», - նշեց նա:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժեց բացարկը:

Միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձևավորված հանձնաժողովը ղեկավարում է Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը: Կազմում ընդգրկված են նաև Ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկ Հարություն Հեքիմյանը։

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Հեքիմյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց, հիմնավորելով, թե Հեքիմյանը եղել է իր նախկին գործընկերը և հնարավոր է բժիշկը կաշկանդվի աշխատել միջգերատեսչական հանձնաժողովում։ Դատարանը մերժեց պաշտպանական կողմի բացարկը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Նախկին պատգամավորն այսօր կրկին ներկա չէր իր և կնոջ գործով դատական նիստին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ բժշկական կենտրոնից, որտեղ հունիսից Գրիգորյանը բուժում է ստանում, դատարան գրություն է ուղարկվել այն մասին, որ մեղադրյալը նիստին չի կարող մասնակցել առողջական խնդիրների պատճառով:

63-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG