Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը պետք է ձեռնպահ մնա որևէ սադրիչ գործողությունից. Նաղդալյան


Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարմամբ և դատապարտում է իրավիճակի միտումնավոր սրմանն ուղղված քայլերը, այս մասին հայտարարել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության, Նաղդալյանը նշել է, որ վերջին միջադեպերի ընթացքում զոհվել է ՀՀ ԶՈՒ մեկ և վիրավորվել երեք զինծառայող: ԱԳ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին, և արագ ապաքինում մաղթում վիրավոր զինծառայողներին:

«ԱԳՆ-ն մշտական համակարգման մեջ է ՊՆ հետ: Գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները լարվածության նվազեցման ուղղությամբ: Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունիսի 20-ի հայտարարությունը՝ հայկական կողմը պնդում է, որ ադրբեջանական կողմը պետք է ձեռնպահ մնա որևէ սադրիչ գործողությունից, ներառյալ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով ռազմական ամրաշինական, ինժեներական աշխատանքների իրականացումից և դրանցում ենթադրյալ քաղաքացիական անձանց ներգրավումից», - ասել է Նաղդալյանը։:

Նա նշել է, որ ԱԳՆ առաջնային է համարում իրադրության հետագա լարվածության նվազեցման, հրադադարի ամրապնդման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը, ինչը խաղաղ կարգավորման կարևոր մասն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG