Մատչելիության հղումներ

WCIT 2019-ը հայտարարում է բացման բանախոսների անունները


WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարել է Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման բանախոսների անունները։ Հոկտեմբերի 7-ին WCIT 2019-ին բացման ելույթներով հանդես կգան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, հաղորդում է WCIT 2019-ի հանրային կապերի խումբը:

Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2 հազար մասնակից՝ 70 երկրից։

Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն, նշված է հաղորդագրությունում:

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

XS
SM
MD
LG