Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Ռիչարդ Քլարքը կմասնակցի WCIT 2019-ին


ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Ռիչարդ Քլարք

Ազգային անվտանգության փորձագետ Ռիչարդ Քլարքը կմիանա Երևանում անցկացվող WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոս:

Քլարքը ելույթ կունենա «Պաշտպանություն, տեղեկատվություն և կիբերպատերազմ ապատեղեկատվության դարում» պանելային քննարկմանը, որը կուսումնասիրի, թե հետախուզական և ՏՏ ինչպիսի հնարավորություններ են անհրաժեշտ մարտավարական և ռազմավարական ապատեղեկատվության դարում՝ կիբերպատերազմներին դիմակայելու համար: Պանելային քննարկումը կհամակարգի Defense & Aerospace Report-ի խմբագիր Վագո Մուրադյանը:

Ռիչարդ Քլարքը կմասնակցի նաև «Սև կարապ» պանելային նիստին, որտեղ տեսակետներ կհնչեն խափանումների և «սև կարապի» իրադարձությունների պատճառով առաջացած ողբերգական ձախողումների նկատմամբ կայուն, տեխնոլոգիական համակարգերի կառուցման շուրջ: Marsh & McLennan ընկերությունների գլխավոր խորհրդի գործադիր փոխտնօրեն Պիտեր Բեշարը կլինի նիստի հիմնական բանախոս և համակարգող, ասված է WCIT 2019 համաժողովի անունից տարածված հաղորդագրությունում։

Ռիչարդ Քլարքը միջազգային ճանաչում ունեցող ազգային անվտանգության փորձագետ և հեղինակ է, որին կոչում են Ամերկայի «կիբեր ցար» և «հակաահաբեկչական ցար»։ Նա աշխատել է Սպիտակ տանը՝ ԱՄՆ երեք նախագահների օրոք: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ազգային ճգնաժամային կառավարիչն էր, այսօր կորպորատիվ անվտանգության ռիսկերի և կիբերանվտանգության խորհրդական է: Նա 9 գրքի հեղինակ է, որից մեկը՝ բեսթսելեր․ Against all Enemies։

Ռիչարդ Քլարքը զբաղեցրել է հետախուզության և հակաահաբեկչության գծով խորհրդականի պաշտոնը Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Վ. Բուշի և Բիլ Քլինթոնի վարչակազմերում: 1998 թվականից ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես Անվտանգության, ենթակառուցվածքների պաշտպանության և հակաահաբեկչության հարցերով ազգային համակարգող:

Ներկայում Քլարքը նախագահում է Մերձավորարևելյան ինստիտուտի կառավարման խորհուրդը: Նա նաև ABC News-ի քաղաքական և անվտանգության հարցերով խորհրդական է, դասավանդում է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու կառավարման դպրոցում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) ՏՀՏ ոլորտում ամենամեծ և ամենահեղինակավոր իրադարձություններից է, որն այս տարի անցկացվում է Հայաստանում: Եռօրյա համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանի կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

XS
SM
MD
LG