Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյանը Հայաստան այցի ընթացքում «հրաշալի նորություններ» և «մեծ ծրագրեր» է խոստանում


Քիմ Քարդաշյան, արխիվ
Քիմ Քարդաշյան, արխիվ

Աշխարհահռչակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում «հրաշալի նորություններ» և «մեծ ծրագրեր» է խոստանում: Այս մասին Քարդաշյանը գրել է Թվիթերում` արձագանքելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրառմանը, որով կառույցը քննադատել է նրան Թուրքիայում SKIMS ապրանքանիշի արտադրություն հիմնելու պլանների համար:

«Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների և աջակցության համար: Երբ ես երազում էի իմ սեփական ընկերությունն ունենալու մասին, ուզում էի, որ ամեն բան պատրաստվի լավագույն ձևերով, ամենալավ նյութերից՝ նախագծից մինչև արտադրություն, նորարարություն և մատուցում», - մասնավորապես գրել է Քարդաշյանը, ով վերջերս ստեղծել է կանացի ներքնազգեստի իր ապրանքանիշը, որը համարվում է նորույթ իր տեսակի մեջ, քանի որ, ինչպես պնդում է հեղինակը, թաքցնում է կնոջ կազմվածքի թերությունները:

Քիմ Քարդաշյանը, ով պարբերաբար անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային և դատապարտում այն ժխտող երկրների՝ մասնավորապես Թուրքիայի դիրքորոշումը, նաև ընդգծել է, որ հանձնառու է մնում Ցեղասպանության ճանաչման հարցի առաջմղման ջանքերին, միևնույն ժամանակ հավելել, թե չի ցանկանում, որ «անցյալի իրադարձությունները հիմք հանդիսանան որևէ մեկի կամ որևէ ազգի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար»:

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ես կայցելեմ Հայաստան և հույս ունեմ ուղիներ գտնել՝ ավելացնելու առևտրաշրջանառությունը և հայաստանցիների համար նոր աշխատատեղեր ստեղծելու, որը կարող է ապագայում ներառել նաև SKIMS-ի արտադրությունը: Այդ ուղղությամբ տքնաջան աշխատել եմ և հուսով եմ՝ Հայաստան այցս կբերի զարմանալի նորություններ, քանի որ մեծ ծրագրեր ունեմ», - նշել է Քարդաշյանը:

Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 6-9-ը Երևանում կմասնակցի WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG