Մատչելիության հղումներ

«Խաղաղասեր երկրների համար գլխավոր սպառնալիքը Իրանի ռեպրեսիվ ռեժիմն է». Դոնալդ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, Նյու Յորք, 24 սեպտեմբերի, 2019թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, Նյու Յորք, 24 սեպտեմբերի, 2019թ.

Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում մեկնարկել է քաղաքական բանավեճի փուլը:

Ինչպես ենթադրվում էր, խոսելով համաշխարհային հիմնախնդիրների մասին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացել է Մերձավոր Արևելքի, Իրանի, Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև համաշխարհային առևտրի խնդիրների վրա:

Դիկտատորական ռեժիմների քայքայիչ գործելակերպ, զանգվածային ոչնչացման զենքին տիրանալու ձգտում, ահաբեկչություն, ապօրինի միգրացիա, անարդար առևտուր՝ դրանք էին հիմնական թեմաները:

«Եթե ազատություն ես ուզում երկրիդ համար՝ հպարտացիր քո երկրով, զարգացրու այն, քո երկրի շահը դասիր մնացածների շահից բարձր, եղիր խաղաղասեր և հպարտ: Եթե բոլոր պետություններն առաջնորդվեն այդ կարգախոսով՝ աշխարհը կդառնա ազատ և հպարտ երկրների ընտանիք», - ասել է Թրամփը:

Նախագահը հպարտությամբ թվարկել է ԱՄՆ-ի նվաճումները՝ գործազրկությունն իջել և գրանցվել է պատմական առումով ամենացածր նիշը, տնտեսությունը զարգանում է, հարկերը կրճատվում են, Ամերիկան առաջինն է գազի և նավթի արդյունահանման ոլորտում:

Ապա Դոնալդ Թրամփը խոսել է Չինաստանի վարած տնտեսական քաղաքականության մասին, նշելով, որ այն ժամանակ, երբ ազատ երկրները փորձում են փոխադարձ առևտուրն իրականացնել արդար և ընդունելի կանոններով, Չինաստանը դիմում է վալյուտային անարդար հնարքների, բարեփոխումներ չի իրականացնում, գողանում է տեխնոլոգիաները, ակտիվորեն փորձում է ամուր տեղ գրավել այլ երկրների տնտեսական դաշտում և արգելափակում է ուրիշների մուտքը չինական շուկա։

«Ի պատասխան դրա, ես սահմանել եմ բարձր հարկեր և սակագներ, միլիարդները հետ կգան, աշխատատեղերը կպաշտպանվեն», - ասել է Թրամփը:

Հաջորդ թեման, որին անդրադարձել է Թրամփը՝ Իրանն է: «Խաղաղասեր երկրների համար այսօր գլխավոր սպառնալիքն Իրանի ռեպրեսիվ ռեժիմն է», - ասել է ԱՄՆ ղեկավարը:

Նրա փոխանցմամբ, Իրանը պետական մակարդակով սատարում է միջազգային ահաբեկչությանը, ցանկանում է ստեղծել միջուկային զենք և այն թիրախին հասցնող հրթիռներ, բորբոքում է Սիրիայի և Եմենի հակամարտությունները, ատելություն է սերմանում ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ:

Արևմտյան երկրների համոզմամբ, Իրանն է կազմակերպել սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած գրոհները Սաուդյան Արաբիայի նավթային կենտրոնների վրա:

«Իրանի լիդերներն իրենց հպարտ ժողովրդին ճնշել են հանուն իշխանության», - ասել է Թրամփը և ավելացրել. - «40 տարի աշխարհը լսում է «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին»: Վիճակը շտկելու համար Իրանը պետք է ահաբեկիչներին սատարելու փոխարեն իջեցնի աղքատությունը, զարգացնի տնտեսությունը, նախևառաջ մտածի Իրանի ժողովրդի մասին»,- ասել է Թրամփը:

Նա նշել է, որ Թեհրանի քայլերին հակազդելու համար ԱՄՆ դուրս է եկել 2015 թվականի միջուկային պայմանագրից, վերականգնել և խստացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները:

«Բոլոր երկրները պարտավոր են գործել, որևէ պատասխանատու կառավարություն չպետք է ֆինանսավորի Իրանի արնախում քաղաքականությունը: Քանի դեռ Իրանը չի փոխում այդ չարորակ կեցվածքը՝ պատժամիջոցները կպահպանվեն և էլ ավելի կխստացվեն», - ասել է Թրամփը:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սրահում ներկա են լիդերներ, որոնց առաջնորդած երկրները ժամանակին ԱՄՆ-ի թշնամին են եղել, բայց հիմա բարեկամներն են:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները չունի մշտական թշնամիներ», - ասել է Դոնալդ Թրամփը:

Նա խոսել է նաև Հյուսիսային Կորեայի մասին: «Ես ասել եմ Կիմ Չեն Ընին, որ ինչպեսև Իրանի ժողովուրդը՝ Հյուսիսային Կորեայի ժողովուրդն էլ ունի մեծ կարողություն և կարող է զարգանալ, բայց նախ Հյուսիսային Կորեայի իշխանությունը պետք է հրաժարվի միջուկային զենքից», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը խոսել է ապօրինի միգրացիայի մասին, կոչ անելով հայրենիքը լքելու մտադրություն ունեցողներին զերծ մնալ այդ քայլից, չխաբվել և չլսել նրանց, ովքեր խոստանում են փողի դիմաց ապահովել մարդկանց տեղափոխումն Ամերիկա, որովհետև Ամերիկան շարունակելու է պաշտպանել սահմանները և կանխել ապօրինի ներգաղթը:

«Հրաշալի ազգեր չեն կարողանում ապագա կառուցել, քանի որ մարդիկ փախուստի են դիմում և փորձում են հասնել ԱՄՆ»,- ասել է Թրամփը:

Ավարտելով ուղերձը, Թրամփը խոսել է հայրենասիրության մասին, ասելով, որ ազատությունը, դեմոկրատիան զարգանում և ծաղկում են հայրենասերների ջանքերով:

«Զարգացրեք ձեր երկրները, ձեր մշակույթը, հարգեք ձեր պատմությունը, արժևորեք ձեր քաղաքացիներին, հզորացրեք, արդար և բարգավաճ դարձրեք ձեր երկրները, հարգեք ձեր ժողովուրդների արժանապատվությունը, ապագան լուսավոր կլինի, ժողովուրդները երջանիկ կդառնան, մեր համագործակցությունն ավելի ամուր կլինի: Այդպես ետ կմղենք ազատության թշնամիներին:

Արժանապատիվ պետությունները հզոր են, Աստծո կամոք մենք կկարողանանք հետ մղել ազատության թշնամիներին, հաղթել արժանապատվությունը ճնշողներին, կապահովենք մարդկանց կյանքի և մարդկության նվաճումների նոր մակարդակ: Ազգերի միջև կապահովենք այնպիսի համերաշխություն և բարեկամություն, ինչպիսին երբևէ չի եղել:

Ամբողջ մարդկության համար դեպի խաղաղություն և երջանիկ ապագա տանող ճանապարհը տանն է սկսվում: Աստված օրհնի բոլոր ազգերին, Աստված օրհնի Ամերիկան», - ասել է Թրամփը:

XS
SM
MD
LG