Մատչելիության հղումներ

Քոչարյանի դատավարությունը իրավական գործընթաց է, որն անընդհատ փորձ է արվում քաղաքականացնել․ Էդմոն Մարուքյան


«Լուսավո Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը զրուցում է «Ազատության» հետ, Գյումրի, 21-ը սեպտեմբերի, 2019թ․
«Լուսավո Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը զրուցում է «Ազատության» հետ, Գյումրի, 21-ը սեպտեմբերի, 2019թ․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը իրավական գործընթաց է, որն անընդհատ փորձ է արվում քաղաքականացնել: Այսօր Գյումրիում «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Ազգային ժողովի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դատավարությունը իրավական պրոցես է, փորձ է արվում անդադար քաղաքականացնել, մենք զերծ ենք մնում որևէ կերպ քաղաքականացնելուց, որովհետև դա, ըստ էության, օգտագործվում է հենց նույն գործով», - ընդգծեց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Պրոցես է՝ գնում է: Ես կարծում եմ, որ չպետք է երկրի ամբողջ ռեսուրսը՝ թե՛ մեդիա, թե՛ ուշադրության ռեսուրսը կենտրոնանա որևէ դատավարության վրա, անգամ եթե դա Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է: Այդ դատավարությունները պետք է դառնան շարքային դատավարություններ, և հանրությունը առաջ նայի, զբաղվի իր գործով, երկիրը շարժենք առաջ»:

Սպասվող «թեժ աշնան» մասին խոսակցությունների առնչությամբ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտարարեց․ - «Եթե նկատի ունեն՝ թեժ քաղաքական տարի, միանշանակ՝ տարին թեժ է քաղաքական առումով, որովհետև բոլորին հետաքրքիր է, թե, օրինակ, ինչ նոր ռեֆորմներ են լինելու, բոլորին հետաքրքր է, թե, օրինակ, նոր ինչ թալանչիներ են պատասխան տալու, և նմանատիպ, նմանատիպ պրոցեսներ»:

«Հետևաբար, էդ կոնտեքստում երևի թե ճիշտ է ասել, որ թեժ է աշունը, մենք էլ շատ կազմ-պատրաստ թեժ աշնանը մասնակցում ենք, որևէ խնդիր չեմ տեսնում էս առումով», - նշեց Մարուքյանը:

Հարցին՝ սպասո՞ւմ է արդյոք, որ այն ուժերը, որոնք նախկին իշխանության մաս էին, միգուցե աջակցություն ստանան հանրության ներսում, ավելի ակտիվ գործողություններ ծավալեն, «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդն արձագանքեց․ - «Գիտե՞ք, աջակցություն եթե ստանան էլ, որևէ կերպ գեներացնելու դրա հնարավորությունը չկա, որովհետև պետք է ընտրություններ լինեն, ընտրություններով էդ աջակցությունը ինչ-որ կերպ գեներացվի, արդյունք տրվի, հետևաբար՝ պետք է էդ ուժերը սպասեն ևս չորս տարի, կամ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ մասնակցեն»:

«Ամեն դեպքում ես չեմ կարծում, թե այն նեգատիվ ռեյտինգը, որ ունեն նախկին ռեժիմի ներկայացուցիչները, դրա վրա որևէ դրական բան փոխվել է, ամենևին ոչ», - շեշտեց Էդմոն Մարուքյանը:

Հանրության ուշադրության կենտրոնում գտնվող մեկ այլ՝ Ամուլսարի հարցի առնչությամբ էլ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարն ասաց․ - «Պետք է ասեմ, որ դեռևս անորոշություն կա: Մենք ասել ենք, որ մենք դեմ ենք հանքի այս տեսքով շահագործմանը, և ես կարծում եմ՝ Ամուլսարի խնդիրը տարիուկես առաջ լուծվել է, այսինքն՝ այն փակվելով այլևս էդ խնդիրը լուծվել է, և հետևաբար՝ կրկին այն վերաբացելը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու՝ թե՛ իշխանությանը և թե՛ ընդհանրապես մեր պետական ինստիտուտներին»:

«Մենք դեռևս երկու տարի առաջ էլ ենք մեր դիրքորոշումն արտահայտել, հիմա էլ, այսինքն՝ չէի ասի, որ ինչ-որ բնապահպան ուժ ենք, բայց կոնկրետ էն պայմաններով, որ պայմաններով որ փորձ է արվում շահագործել Ամուլսարը և նմանատիպ կասկածելի փաստաթղթերով, միանշանակ դեմ ենք», - հայտարարեց Մարուքյանը:

Հայաստանի նախկին նախագահը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ: Երեկ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու՝ նրա պաշտպանների միջնորդությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG