Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյանն անթույլատրելի է համարում Արթուր Վանեցյանի «քաղաքական հայտարարությունը»


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանկ Քոչարյանը զրուցում է «Ազատության» հետ, Գյումրի, 21-ը սեպտեմբերի, 2019թ․

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անթույլատրելի է համարում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին Արթուր Վանեցյանի հայտարարությունը:

«Անվտանգության ծառայության պետերը գալիս են աննկատ և գնում են աննկատ, և իրենց հայտարարություններով երկիրը մտցնել կասկածանքների և վնասել անվտանգային համակարգի խնդիրներին՝ պարզապես անթույլատրելի էր», - հայտարարեց Քոչարյանը այսօր Գյումրիում «Ազատության» հետ զրույցում՝ հավելելով․ - «Եվ դրանով էլ երևի պայմանավորված էր, որ ինքը պետք է պաշտոնանկ արվեր գուցե ավելի շուտ»:

Արթուր Վանեցյանի վերոհիշյալ հայտարարությունում մասնավորապես ասված էր․ - «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»:

Թե ինչու Վանեցյանը նման հայտարարություն արեց, ԱԺ հանձնաժողովի նախագահը կարծում է, որ «մոտ ժամանակներս դրա պատասխանները, ըստ էության, հնարավոր կլինի, տեսանելի կլինի, և հնարավոր կլինի տեսնել և խոսել»: «Բայց այսօր պետք է ֆիքսել, որ ինքը դիմում է ներկայացրել, վարչապետը ընդունել է դիմումը, բայց դրանից հետո ինքը կատարել է քաղաքական հայտարարություն, իմ համար դա անթույլատրելի է՝ տվյալ կառույցի ղեկավարի, ցանկացած ղեկավարի կողմից նման հայտարարությունով հանդես գալը», - շեշտեց Քոչարյանը:

Նրա համոզմամբ՝ ԱԱԾ տնօրենի հետ գրեթե միաժամանակ Վալերի Օսիպյանի ազատումը Ոստիկանության պետի պաշտոնից «բացարձակ կապ չունի Արթուր Վանեցյանի պաշտոնանկության հետ»: «Դա կապ ունի, երևի, ինչ ու ինչ հարցերի շուրջ գուցե իր և կառավարության ինչ-որ քննարկված հարցերի շրջանակներում կարող է լինել», - նշեց Քոչարյանը՝ հավելելով․ - «Դրանից անմիջապես հետո պարոն Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, և ես կարող եմ ասել, որ այս ամիսների ընթացքում հեղափոխությունից հետո Ոստիկանությունը կատարել է լայնածավալ բարեխիղճ աշխատանք, և այդ բարեխիղճ աշխատանքի հիմնական կառավարիչը եղել է պարոն Օսիպյանը, դա չենք կարող ուրանալ: Եվ էսօր էլ ինքը վարչապետի գլխավոր խորհրդականն է: Կարծում եմ, որ գուցե հոգնել էր ինչ-որ պահի, բայց պարոն Օսիպյանը իր առջև դրված խնդիրը այդ ժամանակաշրջանի համար, իր պաշտոնավարման ժամանակաշրջանի համար, ըստ էության, հիմնականում կատարել է և իրականացրել է լայնածավալ նաև կադրային փոփոխություն՝ այն, ինչ որ չի կարելի ասել այլ ուժային կառույցների պարագայում»:

«Մամուլը գրում է նաև, որ Դուք էլ կարծես դեմ չեք ուժայիններից ԱԱԾ-ն կամ Ոստիկանությունը գլխավորելու առաջիկայում», - այս դիտարկմանը Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ - «Ես որևէ տեղ նման կարծիք չեմ ասել, ես ղեկավարում եմ այս պահին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, որը, ըստ էության, Սահմանադրությամբ, իրացնում է այն լիազորությունները, որի մասին Դուք նշում եք: Իսկ եթե այլ թեմաներ են քննարկվում, դա, պարզապես, այսօր ամեն ինչ է քննարկվում և բոլորի մասին: Հիմա, ինչ կլինի վերջնարդյունքում՝ կյանքը ցույց կտա և քաղաքական պրոցեսների զարգացումները»:

«Չեք բացառում նման տարբերակ, եթե նման առաջարկ, իհարկե, Ձեզ արվի», - սրան ի պատասխան էլ ԱԺ հանձնաժողովի նախագահը հայտարարեց․ - «Ես այս պահին ղեկավարում եմ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, որի ֆունկցիաների մեջ մտնում է նաև ուժային կառույցների հետ կապված խնդիրները և նրանց վերահսկողության հետ կապված խնդիրները»:

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենից ազատվեց սեպտեմբերի 16-ին, Վալերի Օսիպյանը Ոստիկանության պետի պաշտոնից՝ սեպտեմբերի 18-ին: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, թե նրանց գործունեությունը կառավարության ղեկավարին չի գոհացրել:

XS
SM
MD
LG