Մատչելիության հղումներ

Վանեցյան․ Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ


Երեկ հրաժարական ներկայացրած Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հորդորում է նախկին իշխանությունների ներկայացուցիչներին մնալ իրենց քաղաքական անցյալում և չփորձել խառնվել իր և այսօրվա իշխանության հարաբերություններին:

Նշենք, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ երեկ ողջ օրվա ընթացքում ողջունում էի Վանեցյանի հրաժարականի քայլը՝ քննադատության ենթարկելով վարչապետ Նկոլ Փաշինյանին :

«Ուզում եմ կոչ անեմ բոլորին՝ չփորձեն այսպես կոչված պղտող ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Նախկինների այդ խանդավառությունը, որ նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասեմ, որ մնան իրանց նախկին քաղաքական անցյալում և չփորձվեն խառնվեն իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և մենք գիտենք ոնց կշարունակենք», - մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

Նա անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակի՝ երեկ արած հայտարարությանը՝ զգուշացնելով, որ որևէ մեկը չփորձի իրեն կապել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ:

Վլադիմիր Կարապետյանը, հիշեցնենք, արձագանքելով Վանեցյանի հրաժարականի հայտարարությանը, ասել էր, թե «պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը»․ - «Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։

Վանեցյանն այսօր ասաց․ - «Այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա: Եվ ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող է փորձեն կապեն․․․ ոնց էր ձևակերպումը՝ կոռումպացած․․․ Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանը իմ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև: Վարչապետը երեկ հայտարարեց, որ ընթանում է քննություն: Կլինի քննություն և քննությունը պատասխանը կտա՝ արդյո՞ք Միքայել Մինասյանը պետք է պատասխան տա, կանգնի օրենքի առջև, թե՞ չպետք է կանգնի»:

1,5 տարի պաշտոնավարած Վանեցյանն այսօր այդպես էլ չպարզբանեց իր հրաժարականի պատճառներն ու հրապարակած տեքստում տեղ գտած արտահայտությունները: Հարցին, թե արդյոք քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունի, ԱԱԾ նախկին տնօրենն արձագանքեց, թե հրաժարականի որոշումը կայացնելիս չի խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ, տեղյակ է պահել միայն ընտանիքի անդամներին:

Այնուամենայնիվ Արթուր Վանեցյանը շեշտեց է, որ ոչինչ բացառել պետք չէ․ - «Քաղաքականություն մտնելու կամ քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված այս պահին ես որևէ մեկնաբանություն չեմ անի: Ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ: Կանցնի ժամանակը, և ես իմ հնարավոր որոշումը կկայացնեմ»:

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության համոզմամբ, պետք է պարզաբանումներ հնչեն, թե ինչու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարական տվեց:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ շեշտեց․ «Քաղաքացիները պետք է միշտ իմանան, թե ով ինչու է հրաժարական տալիս կամ ում ինչի համար էր ազատում: Մենք դա քննադատել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ եղել է փակ կառավարում: Հիմա թափանցիկ ժողովրդավարական կառավարման համատեքստում, ես կարծում եմ, որ պետք է սպառիչ պատասխաններ տրվեն, թե ինչումն է բանը»:

Հիշեցնենք, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հարցին ի պատասխան այդպես էլ չհստակեցրեց, թե որն է եղել հրաժարականի պատճառը:

Թեև Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ այս պահին ոչ թե քաղաքականության, այլ ֆուտբոլի մասին է մտածում, սակայն Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Վանեցյանը հրաժարականի մասին իր հայտարարությամբ սկիզբ դրեց քաղաքական գործունեությանը․ - «Դա կլինի կուսակցություն ստեղծելու միջոցով թե ինչ ձևով, ես այդ հայտարարության մեջ դա եմ տեսնում:Տեսեք այս օրերին մամուլը ինչ է ասում: Ասում է՝ նա պետք է ասի ինչի հետ չէր համաձայն, նա պետք է ասի, նա պետք է ասի, նա պետք է ասի․․․ Մենք էլ ասում ենք վարչապետը պետք է ասի ինչի էր ուզում ազատի: Այ, երբ որ ինքը սկսի «պետք է ասելը», դա կլինի իր քաղաքական գործունեության կամ այսպես կոչված քաղաքական արշավի մեկնարկը: Որը հիմա նախապատրաստվում է»:

Ընդդիմադիր ամենամեծ խորհրդարանական խմբակացությունում՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանում», չեն շտապում արձագանքել Վանեցյանի հրաժարականին՝ պատճառաբանելով տեղեկատվության պակասով․ - «Բացառապես իշխանության դաշտում է գնդակը, և պետք է նրանք լույս սփռեն այս գործընթացի վրա»:


Իշխանական «Իմ քայլում» գնահատականները տարբեր են: Ճեպազրույցներին մասնակցող Արուսյակ Ջուլհակյանն ասաց, թե իր համար հստակ է, որ Վանեցյանը չի համապատասխանել այն ակնակլիքներին, որոնք ունեցել է քաղաքական մեծամասնությունը: Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Սուրեն Գրիգորյանը, շեշտեց, որ չի ցանկանում պարզել, թե ինչու է հրաժարական տվել ԱԱԾ տնօրենը․ - «Ես կոնկրետ չեմ ուզում դա իմանամ: Ինձ տրված պատասխանները բավարար են»:

Հավելենք, որ ԱԱԾ տնօրենին նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Վանեցյանին: ԱԱԾ-ից «Ազատությանը« փոխանցեցին, որ դեռևս տնօրենի պաշտոնակատար նշանակված չէ:


XS
SM
MD
LG