Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում Ղազախստանում հինգ տասնյակ ակտիվիստ է ձերբակալվել


Ղազախստան - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, արխիվ
Ղազախստան - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, արխիվ

Մեկ շաբաթվա ընթացքում Ղազախստանում ձերբակալվել է շուրջ հինգ տասնյակ ակտիվիստ: Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական նախաձեռնությունների կոալիցիա» ոչ կառավարական կազմակերպությունը:

Իրավապաշտպանները ներկայացրել են այն անձանց ցանկը, որոնք վերջին օրերին ենթարկվել են ձերբակալությունների, տուգանքների, որոնց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել: Նրանցից շատերին իշխանությունները մեղադրում են չհամաձայնեցված բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ, որոնց միջոցով ակտիվիստները կոչ են անում կառավարությանը դադարեցնել երկրի տարածքում չինական գործարանների կառուցումը և ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Առաջիկա հանգստյան օրերին փողոց դուրս գալու և բողոքի գործողություններ իրականացնելու կոչ է անում վտարանդի ընդդիմադիր Մուխթար Աբլյազովը, ով հայրենիքում հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտված սպանություն կազմակերպելու, հանցավոր խմբավորում ստեղծելու և հափշտակության մեղադրանքներով: Նրա ղեկավարած կուսակցությունը ևս արգելված է Ղազախստանում՝ դատարանի որոշմամբ այն դասվել է ծայրահեղական խմբավորումների շարքում: Աբլյազովը հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ Ղազախստանի իշխանությունները այդ կերպ փորձում են ճնշել իր ընդդիմադիր գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG