Պեկին է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ղազախ առաջնորդի երկօրյա այցը հաջորդում է ղազախական մի շարք քաղաքներում հակաչինական բողոքի ակցիաներին:
Ղազախստանի մի շարք բնակավայրերում ցուցարարները հերթական անգամ փողոց էին դուրս եկել ընդդեմ բնական ռեսուրներով հարուստ այդ երկրում աճող Պեկինի ազդեցության: Ցուցարարները նախագահից պահանջում էին չեղարկել այցը և չստորագրել Չինաստանի հետ նոր վարկերի մասին համաձայնագիր:
Հարևան Չինաստանը համարվում է Ղազախստանի հիմնական ներդրողն ու առևտրային գործընկերը: Պաշտոնական տվյալներով՝ չինական ներդրումներն ու երկկողմ ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին անշեղորեն աճում են: Անցյալ տարի ղազախական պետական լրտավամիջոցները հայտնել են, որ երկու երկրները պատրաստվում են համատեղ իրականացնել առնվազն 51 համատեղ նախագիծ արդյունաբերության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում՝ մոտ 28 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով: