Մատչելիության հղումներ

Այս տարի ավարտին կհասցվի մոտ 330 կմ ճանապարհի շինարարություն


Թունել Վանաձոր - Ալավերդի հիմնանորոգվող ավտոճանապարհին, հուլիս, 2018թ․
Թունել Վանաձոր - Ալավերդի հիմնանորոգվող ավտոճանապարհին, հուլիս, 2018թ․

Նախորդ տարի 2019 թվականի պետբյուջեի պլանավորման շրջանակում ի սկզբանե նախանշված է եղել 164 կիլոմետր ճանապարհի շինարարություն՝ 33.9 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, այժմ 2019-ի համար նախանշված է նոր ցուցանիշ՝ առնվազն 330 կմ ճանապարհի շինարարություն՝ 47.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Այս տվյալներն է ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի Բագրատ Բադալյանը ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի վերաբերյալ այսօր Կառավարությունում վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Այս պահի դրությամբ կատարողականը կազմում է 12.9 մլրդ ՀՀ դրամ, 310 կմ-ի վրա աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններով, շարունակել է փոխնախարարը:

Այս տարվա շրջանակում կնքված պայմանագրերը, ըստ Բադալյանի, ներառել են 400 կմ, որից առնվազն 330 կմ-ը ավարտին կհասցվի այս տարի, մնացածը կփոխանցվի մյուս տարի, այսինքն՝ հաջորդ տարին սկսվելու է մոտ 70 կմ ճանապարհաշինության համար կնքված պայմանագրերով: Ներգրավված է 27 կապալառու կազմակերպություն, 3 ծրագրերի՝ հիմնանորոգման, միջին նորոգման և կենսական նշանակության ճանապարհների շինարարության ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 29.5 մլրդ դրամ, որի շրջանակում 5.4 մլրդ դրամ տնտեսում է եղել։

Այս տարի շատ կապալառուներ ձեռք են բերել և շարունակում են ձեռք բերել նոր տեխնիկա, ինչպես նաև ասֆալտբետոնի մեջ կիրառվել է մեծ ծավալով հանքային փոշի, ինչը ընդհանուր առմամբ նպաստում է ճանապարհների որակի բարձրացմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ եղանակային պայմանները և մնացորդային ծավալները համադրելի են, և նախատեսված ծավալները մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն: Տեղեկատվություն է ներկայացվել նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի վերաբերյալ. նշվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհաշինական աշխատանքները, Տրանշ 4 (Արտաշատ-Ագարակ) և Տրանշ 5 ճանապարհահատվածների մասով (Գյումրիի շրջանցում և Գյումրի-Բավրա) արդեն առկա են նախագծանախահաշվային փաստաթղթերը։

«Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան: Մենք վաղուց ասել ենք, որ դա պետք է բացառվի, այսինքն՝ որակական չափանիշների հարցում որևէ կոմպրոմիս չի կարող լինել», - ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG