Մատչելիության հղումներ

Օսիպյանի և Վանեցյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործունեությունն իրենց գործառույթների շրջանակներում վարչապետին չի գոհացրել, այս մասին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Աղաջանյանը նշեց, որ որևէ որոշում չկա, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, անդրադառնալով վարչապետի և ԱԱԾ նախկին պետի հայտարարությունների դիսոնանսին, ասաց՝ Վանեցյանին աշխատանքից ազատելը եղել է վարչապետի որոշումը.- «Իր ասուլիսի ժամանակ հնչեցրած վարչապետի խոսքում այդ հարգալից տեքստը նաև պայմանավորված էր գեներալների նկատմամբ հարգանքով։ Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ վարչապետի որոշումն է եղել նրանց ազատել աշխատանքից և նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել, և նրանք ներկայացրել են դիմումը»։

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը այսօր ոստիկանապետի պաշտոնից ազատվեց նախագահի հրամանագրով, ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Արթուր Վանեցյանի պաշտոնից ազատվելու մասին։

Վալերի Օսիպյանը վարչապետի առաջարկությամբ նշանակվել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։

XS
SM
MD
LG