Մոսկվայի դատախազությունը միջնորդել է փոխարինել դերասան Պավել Ուստինովի խափանման միջոց կալանքը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:
Ավելի վաղ՝ շաբաթասկզբին Մոսկվայի դատարանը երիտասարդին 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ իշխանության հանդեպ բռնության մեղադրանքով:
Դատախազության միջնորդությունը, ըստ Ուստինովի փաստաբանի, դատարանը կքննի վաղը:
Ուստինովը ձերբակալվել է օգոստոսի սկզբին, երբ տասնյակ հազարավոր ցուցարարների հետ փողոց էր դուրս եկել՝ պահանջելով գրանցել անկախ թեկնածուներին Մոսկվայի տեղական խորհրդարանի ընտրություններում: Մեկ ամիս անց նրան մեղավոր ճանաչեցին Ռոսգվարդիայի աշխատակցի հանդեպ բռնության համար:
Ինքը Ուստինովը մեղադրանքը չէր ընդունում, միջադեպից հետո տարածված տեսանյութերում ևս երևում էր, որ դերասանը ոչ թե հարձակվել էր, այլ ինքն էր հարձակման թիրախում հայտնվել:
Դատարանը, սակայն, այդ տեսագրությունները հաշվի չէր առել, գործին չէր կցել: Տասնյակ դերասաններ ու արվեստագետներ ի նշան բողոքի ակցիաներ էին սկսել: