Մատչելիության հղումներ

11-ամյա դադարից հետո Վաշինգտոնը և Մինսկը ցանկանում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունում է ԱՄՆ փոխպետքարտուղար Դեյվիդ Հեյլին, Մինսկ, 17-ը սեպտեմբերի, 2019թ․

11-ամյա դադարից հետո Միացյալ Նահանգներն ու Բելառուսը ցանկանում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղար Դեյվիդ Հեյլը հայտարարել է՝ որպես հարաբերությունների նորմալացման հաջորդ քայլ Միացյալ Նահանգները պատրաստ է դեսպանների փոխանակել։

Ամերիկյան դեսպանի Մինսկ ժամանելու ճշգրիտ ժամկետն առայժմ հայտնի չէ, նրա թեկնածությունը նախ պետք է հաստատի ԱՄՆ Սենատը:

«Կարծում ենք, որ այսօր պատմական պահ է բելառուսա-ամերիկյան հարաբերություններում», - Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տեղակալը, ով վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան է, որը ժամանում է Մինսկ:

Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, գովեստի խոսքեր է հնչեցրել ամերիկացի հյուրի հասցեին` Արևելյան Եվրոպայի նկատմամբ ուշադրության համար: «Այս դժվարին ժամանակաշրջանում Ձեր հետաքրքրությունը տարածաշրջանում հուսադրող է», - ասել է Լուկաշենկոն:

Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Բելառուսի հետ ԱՄՆ հարաբերությունների վերականգնումն ուղղված չէ երրորդ երկրի դեմ, այլ նպատակ ունի լիովին օգտագործել երկկողմ հարաբերությունների ներուժը: «Նաև՝ որովհետև այս տարածաշրջանը թանկ է մեզ համար, ու մենք շատ ուշադիր ենք անվտանգության սպառնալիքների հարցում, և հատկապես որ մենք շատ ուժեղ աջակցում ենք Բելառուսի ինքնիշխանությանն ու անկախությանը», - Մինսկում հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Միացյալ Նահանգները Բելառուսը որպես անկախ պետություն է ճանաչել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, ինչից երեք օր անց երկու երկրները պաշտոնապես հաստատել են դիվանագիտական հարաբերություններ: 2000-ականների սկզբներին Մինսկի և Վաշինգտոնի հարաբերությունները կտրուկ սրվեցին՝ Միացյալ Նահանգներում կասկածներ ունեին, որ Լուկաշենկոն լվանում է Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնի փողերը, բացի այդ` երկրի ներսում ճնշում է ժողովրդավարության ծիլերը: 2004 թվականին Միացյալ Նահանգները Լուկաշենկոյի և նրա ղեկավարած երկրի դեմ պատժամիջոցներ սահմանեց՝ մարդու իրավունքների ոտնահարումների, ազատությունների սահմանափակման համար: Դրանց մի մասը գործում են մինչ օրս, ավելին՝ չեն չեղարկվել ամերիկյան պատժամիջոցները նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: Դրանք թուլացնելու դիմաց Վաշինգտոնը մի շարք պահանջներ էր առաջ քաշել՝ այդ թվում Լուկաշենկոյի անհետ կորած ընդդիմախոսներից մեկի հարցով, որի ճակատագիրն անհայտ է մինչ օրս: Մինսկը, բնականաբար, անտեսել է այդ պահանջները` խորացնելով լարվածությունը երկկողմ հարաբերություններում: 2008 թվականին ամերիկյան հերթական ցավոտ պատժամիջոցներին հաջորդեց երկու երկրներում դիվանագետների փոխադարձ կրճատում, ապա՝ դեսպանների հետկանչ:

Ռուսաստանի և Բելառուսի փորձագիտական շրջանակներում միաբերան ընդգծում են Վաշինգտոնի աճող ակտիվությունը Մինսկի և Մոսկվայի միջև միութենական հարաբերությունների շուրջ վեճերի ֆոնին, նկատելով, որ Դոնալդ Թրամփի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմերի փոխադարձ հաճոյախոսությունները չի կարող չնյարդայնացնել Մոսկվային:

Մինչ Ռուսաստանը փորձում էր Բելառուսի հետ հստակեցնել 1999 թվականին կնքված Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին պայմանագրի իրագործման ճանապարհային քարտեզը, Մինսկ ժամանեց Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով այժմ նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը: Օգոստոսին տեղի ունեցած այդ այցը նշանավորվեց աննախադեպ ջերմությամբ: «Կարծում եմ, մենք կարող ենք ընդհանուր լեզու գտնել», - Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել էր Բոլթոնը, ով դարձավ 2000-ականների սկզբներից ի վեր Բելառուս այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան: Մինչդեռ ժամանակին հենց բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներից պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն էր Բելառուսի անփոփոխ առաջնորդին կնքել «Եվրոպայի վերջին դիկտատորը» հայտնի անունով:

Երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացումը, սակայն, ամենևին էլ չի նշանակում, որ Լուկաշենկոն փոխել է վերաբերմունքը ընդդիմախոսների կամ արևմտյան արժեքների նկատմամբ: Ինչպես նշում են փորձագետները, փոխվել են արտաքին հանգամանքները՝ մասնավորապես Ուկրաինայի արևելքում, այդ հակամարտության հարցում Մինսկի դիրքորոշումը հիմնականում համընկնում է արևմտյան երկրների դիրքորոշումներին:

Վերջին 25 տարիներին Լուկաշենկոյի կողմից ղեկավարվող Բելառուսը համարվել է Եվրոպայի վերջին բռնապետությունը, որտեղ ռեժիմի ընդդիմախոսների դեմ ճնշումները գագաթնակետին հասան 2010 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Չորրորդ անգամ վերընտրված Լուկաշենկոյի վարչակազմը հետընտրական օրերին երկրում ըմբոստության ալիքը ճնշելու նպատակով ձերբակալեց հազարավոր ցուցարարների, նրանցից շուրջ 700-ը ազատազրկման դատապարտվեցին՝ այդ թվում նախագահի մոտ մեկ տասնյակ այլընտրանքային թեկնածուներ:

Քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին միայն տարիներ անց՝ 2016 թվականին, ինչին ի պատասխան՝ Արևմուտքը չեղարկեց Մինսկի նկատմամբ կոշտ պատժամիջոցների մեծ մասը: Չեղյալ են հայտարարվել նաև 170 բելառուսցի պաշտոնյաների՝ այդ թվում նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ սահմանափակումները, և նրանց թույլատրվել է իրենց միջոցները շրջանառության մեջ դնել եվրոպական բանկերում ու ճամփորդել Եվրոպայում։

XS
SM
MD
LG