Մատչելիության հղումներ

Եվրամիության նոր դեսպանը սկսում է իր առաքելությունը Հայաստանում


ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը իր հավատարմագրերն է հանձնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Երևան, 17-ը սեպտեմբերի, 2019թ․
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը իր հավատարմագրերն է հանձնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Երևան, 17-ը սեպտեմբերի, 2019թ․

Հայաստանը Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի համար անծանոթ երկիր չէ. Երևանում դեսպանը դիվանագիտական ծառայության է անցնում արդեն երկրորդ անգամ։ Նա 2007-2009 թվականներին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը։

Վիկտորինը երեկ իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Արմեն Սարգսյանին։ Դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել և գործակցել Հայաստանի հետ բոլոր ուղղություններով ու առաջնահերթություններով։

«Մենք այստեղ ենք՝ կարևորելով քաղաքական հարաբերությունները, որոնք դրականորեն են զարգանում։ Մյուս կողմից, մենք իսկապես բարձր ենք գնահատում Հայաստանի ակտիվ դերակատարումը Արևելյան գործընկերության կազմում։ Կարևոր է ունենալ տարածաշրջանային համագործակցություն։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ավելի մեծ աջակցություն ցուցաբերել», - ասել է Անդրեա Վիկտորինը:

Մինչ Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելը, գերմանացի դիվանագետը 2015-ից սկսած 4 տարի շարունակ եղել Բելառուսում Եվրամիության դեսպանը։ Անդրեա Վիկտորինը Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 1989-ից։

61-ամյա գերմանացի դեսպանը Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը նաև նշել է, որ թեև տնտեսական աճի, փոքր և միջին ընկերությունների զարգացման, կլիմայի, շրջակա միջավայրի, կրթության հարցերում համագործակցություն կա, սակայն Եվրամիությունը պատրաստ է անել ավելին։

Եվրամիությունը, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 160 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Կողմերի հարաբերությունները հիմնված են 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա, որի արդյունավետ կիրառման համար Եվրամիությունը ևս 25 միլիոն է հատկացրել: Եվրամիությունը նաև աջակցում է Հայաստանում դատական բարեփոխումների գործընթացին: ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար Պյոտր Սվիտալսկին առաքելության ավարտից առաջ՝ օգոստոսին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, թե Միությունը բացի ֆինանսական շոշափելի աջակցությունից պատրաստ է նաև փորձագետներ տրամադրել:

XS
SM
MD
LG