Մատչելիության հղումներ

«Վերջապես ոճրագործներին կանգնացրինք արդարադատության առջև». Լևոն Զուրաբյան


Երբ դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անհապաղ վերացնելու նրա փաստաբանների միջնորդությունը, դատարանի բակում հավաքված քաղաքացիները, որոնք Քոչարյանի ցմահ ազատազարկումն էին պահանջում, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կոչով երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին:

2008-ին հենց այս արձանի մոտակայքում էին տեղի ունեցել հետընտրական արյունալի իրադարձությունները:

Հուշարձանի մոտ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե «արդարադատության համար ճանապարհը բացված է»․ - «Այսօր այնպիսի հաղթանակ էր: Բոլորիդ աչքը լույս: Մենք վերջապես առաջին Միասնիկյանի արձանի մոտի այս հավաքատեղից հեռանում ենք հաղթանակած, բավարարված, որ վերջապես ոճրագործներին կանգնեցրինք արդարադատության առջև: Ապրե՚ք: Պայքարը շարունակվում է»:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որոնք նույնպես հավաքվել էին դատարանի առջև, անարդարացի են համարում դատավոր Դանիբեկյանը որոշումը՝ վանկարկելով՝ «արդարադատություն»:

Ոստիկանությունն այսօր դատարանի բակում հավաքված ցուցարարներին դիմելով՝ պարբերաբար հայտարարում էր, թե բողոք են ստացել դատարանից, որ բակում հնչող բարձր երաժշտությունը խանգարում է: Ոստիկանները ցուցարարներին նաև հորդորեցին միմյանց չվիրավորել և բարձրախոսներով երկխոսության մեջ չմտնել:

Դատարանի բակից բերման ենթարկվեցին թե՛ Քոչարյանի աջակիցների և թե՛ Քոչարյանի ազատազրկումը պահանջողների խմբերից մեկական քաղաքացիներ՝ ըստ ոստիկանների՝ իրենց օրինական պահանջին չենթարկվելու համար:

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել: Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դատարանի բակում պնդեց, թե դա տոտալ ճնշում է Սահմանադրական դատարանի վրա․ - «Կարծում եմ, շատ ակնհայտ ա ամեն ինչը, ինչ կատարվում ա: Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ, ինձ թվում ա, ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին: Իզուր չէր ընտրված հենց մեկ օր առաջ էս ամեն ինչը սկսելը: Երեկ տեսաք ինչպիսի ահռելի ճնշումներ էր թե՛ վարչապետի, թե՛ ԱԺ-ի կողմից»:

Իսկ ահա Կարապետ Ռուբինյանը, ով Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին Ազգային ժողովի փոխնախագահ է եղել, ՍԴ-ի վրա ճնշումներ չի տեսնում: Ռուբինյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանն ապօրինի է նախագահում Բարձր դատարանում․ - «Ակնհայտ փաստեր կան, որ անօրինական ձևով նշանակվել է նախագահ, և ի՞նչ իրավունքով են մեզ 30 տարով պարտադրում այդպիսի մի անձնավորության․․․ Սահմանադրական դատարան ըստ էության գոյություն չունի»:

Երթով Մյասնիկյանի արձանի մոտ հասած Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ «Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թվականը պաշտոնավարումը ոտնձգություն ՍԴ դատարանի ինքնավարության դեմ»՝ ասաց, որ ինքն ավելի կոշտ քայլերի կողմնակից է, ու բացատրեց, թե ինչու․ - «Ես ուզում եմ ողջունել Արարատ Միրզոյանի հայտարարությունը, նախատել նրան, թե ինչու իշխանությունները սա շատ ավելի շուտ չէին անում: Կարող եմ ասել, որ անգամ ավելի կոշտ քայլերի կողմնակից եմ: Օրինակի համար, ինչպե՞ս է Հրայր Թովմասյանը դարձել ցմահ Սահմանադրական դատարանի նախագահ: Նա դարձել է ցմահ Սահմանադրական դատարանի նախագահ Սահմանադրության խախտումով»:

Իրեն անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը մերժած դատարանի առջև ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ո՛չ փախչելու եմ, ո՛չ խանգարելու գործի քննությանը:

Մինչդեռ 2008-ի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հակառակ կարծիքի է․ - «Նա վտանգավոր մարդ է, նա կանի ամեն ինչ իրա փողերի միջոցով: Նա շատ հարուստ մարդ է, նա մեծ շրջապատ ունի, ամեն ինչ կանի։ Ուզում ենք, որ մնա կալանքի տակ, որ վկաները չվախենալով գան, ազատ, արդար վկայություն տան»:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման, առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։

XS
SM
MD
LG