Մատչելիության հղումներ

Դանիբեկյանը չի կարող հաշվի առնել ՍԴ դատավորների հատուկ կարծիքները. Արամ Վարդևանյան


Սահմանադրական դատարանի շենքը, արխիվ
Սահմանադրական դատարանի շենքը, արխիվ

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) հայտնի որոշումից օրեր անց հրապարակվեց երկու դատավորների հատուկ կարծիքը, որից պարզ դարձավ՝ գործի քննությանը մասնակցած դատավորներ Արման Դիլանյանը և Ֆելիքս Թոխյանը համաձայն չեն եղել այդ որոշման հետ։

Ըստ բարձր դատարանի որոշման, Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում, քանի որ Սահմանադրությամբ հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չկա։

Եվ հենց այս հանգամանքն է հակասում Սահմանադրության մի շարք հոդվածների՝ այն է՝ անձնական ազատության, դատական պաշտպանության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, համաչափության սկզբունքի մասին հոդվածներին։

Այս որոշումից հետո Քոչարյանի փաստաբանները անմիջապես հայտարարեցին՝ բարձր դատարանն արձանագրել է, որ անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնաթող նախագահը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման, քանի որ օրենքով չկան այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան պարզելու՝ նրան մեղսագրվող արարքը բխե՞լ է նախագահի կարգավիճակից, թե՞ ոչ։

Մինչդեռ հատուկ կարծիք հայտնած դատավորներ Արման Դիլանյանն ու Ֆելիքս Թոխյանը այլ տեսակետ են հայտնում։

Արման Դիլանյանը նշում է, որ բարձր դատարանը առհասարակ չպետք է քններ դիմումը և պետք է գործի քննությունը կարճեր։ Դիլանյանի մեկնաբանությամբ, նախկին նախագահի կողմից ՍԴ-ում վիճարկվող հոդվածը Քոչարյանի նկատմամբ չի կիրառվել և իրավական հետևանքներ չի առաջացրել։ Մյուս դատավոր Ֆելիքս Թոխյանն էլ եզրահանգում է, որ այս գործով օրենսդրական բաց գոյություն չունի և որ բարձր դատարանն այստեղ անելիք չուներ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ հատուկ կարծիքները որոշման կատարման վրա իրավական հետևանքներ չեն կարող ունենալ։

«Նույնիսկ հատուկ կարծիքի հեղինակներն էլ չեն վիճարկում, որ 35-րդ հոդվածը թերի է, ուղղակի մեկ դեպքում ասում են, որ իրավակիրառական պրակտիկան լուծում էր տվել հարցին, որը ակնհայտորեն այդպես չէ, մյուս դեպքում ասում են, որ Սահմանադրության 140-րդ հոդվածի ուժով կարող էր այդ հարցը լուծվել», - նշեց Վարդևանյանը։

Վարդևանյանը կարծում է, որ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը չի կարող հաշվի առնել հատուկ կարծիքները, քանի որ գտնվում է խորհրդակցական սենյակում։

«Այստեղ սա շատ հստակ է, բացի այդ դատավոր Դանիբեկյանը խորհրդակցական սենյակում է գտնվում և այս որոշումների հրապարակումը, ըստ էության, հասանելի չէ դատարանին», - ընդգծեց Արման Վարդևանյանը։

Ըստ Քոչարյանի փաստաբանի, հատուկ կարծիք գրած դատավորները հակադրվել են բարձր դատարանի ընդունած որոշմանը, բայց և որոշակի առումով նաև կիսում են տեսակետը, որ վիճարկվող հոդվածը թերի է։ Փաստաբանը պնդում է՝ դատավորները հատուկ կարծիքներում մի քանի կարևոր հանգամանք հաշվի չեն առել, օրինակ, 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո Սահմանադրության մեջ տեղ գտած փոփոխությունները։ Մասնավորապես այն, որ հենց Սահմանադրությամբ արձանագրվել է, որ մարդու իրավունքների սահմանափակման շրջանակները, հիմքերը պետք է ամրագրվեն օրենսդրությամբ։ Հատուկ կարծիք գրած դատավորները նաև հաշվի չեն առել Սահմանադրության մեջ տեղ գտած անմեղության կանխավարկածի մասին հոդվածը, երբ անդրադարձել են նախագահի անձեռնմխելիության հարցին։

Դատավոր Արման Դիլանյանն, օրինակ, իր որոշման պատճառաբանական մասում վկայակոչում է տարբեր դատարանների դիրքորոշումները Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ։

«Դատարանները որպես քրեական հետապնդումը բացառող հիմք քննարկման առարկա են դարձրել Սահմանադրության 140-րդ հոդվածը՝ նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ և մեկնաբանել ու կիրառել են այն», - եզրահանգում է դատավոր Դիլանյանն ու շեշտում՝ Քոչարյանի համար օրենքի բացը կարող էր իրավական հետևանքներ առաջացնել, եթե հաշվի չառնվեր նրա անձեռնմխելիությունը։ Մինչդեռ, ինչպես հատուկ կարծիքում գրում է բարձր դատարանի դատավորը, այս հարցը նրա համար իրավական հետևանքներ չի ունեցել, քանի որ դատարանները փորձել են լրացնել օրենքի բացը, ինչը նշանակում է, որ դատարանները ընդունել և կարևորել են անձեռնմխելիության կանխորոշիչ նշանակությունը մեղադրանքի, հետևապես նաև կալանքի իրավաչափության համար։

«Ազատության» հարցին, դատավոր Դիլանյանի կարծիքը չի՞ նշանակում, որ հենց վարույթն իրականացնող մարմինը պետք է սահմանի կարգավիճակից բխող գործողություն, թե ոչ, ինչպես և շեշտում է գլխավոր դատախազությունը, նախկին նախագահի փաստաբանը պատասխանեց. «Այդ հարցին չի անդրադարձել պարոն Դիլանյանը, այդ ինչպե՞ս, օրինակ, պետք է որոշվի կարգավիճակից բխող է, թե ոչ, այդ հարցադրմանը ուղղակի պատասխան ես չեմ ստացել։ Ես նաև չեմ ստացել այդ հարցի պատասխանը, թե ինչ ձևով է դա որոշվում։ Նույնը կարող ենք պարոն Թոխյանի մասով էլ ասել»։

Սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախագահի գործով առաջիկա երեքշաբթի առաջին ատյանի դատարանը կհրապարակի իր որոշումը՝ ազատե՞լ կալանքից Քոչարյանին, թե՞ ոչ։ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալը կալանքի տակ է հունիսի 25-ից։

Գլխավոր դատախազությունն արդեն հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան և որ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից տրվել են մեկնաբանություններ, որոնք՝ «հիմնված են որոշման առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից»։

Գլխավոր դատախազությունը վկայակոչում է բարձր դատարանի այն դիրքորոշումը, ըստ որի այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից: Այսինքն վարույթն իրականացնող մարմինն ինքը պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները բխե՞լ են նրա՝ որպես անձեռնմխելիություն ունեցող նախագահի կարգավիճակից, թե ոչ։

XS
SM
MD
LG