Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել:

Ըստ իշխող ուժի՝ Սահմանադրական դատարանը կարգապահական խախտումներ է թույլ տվել Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելու ընթացքում: Դատարանի անաչառությանն են կասկածում: Հիմքերից մեկն էլ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը շրջանցելն է:

Գրիգորյանը բարձրացրել էր Քոչարյանի դիմումի քննությանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, անդամներ Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության հարցը: Դատավորը ներկայացրել էր Քոչարյանի գործով նրանց կողմ լինելու հիմքերը:

Թե ինչու չեն քննել՝ մանրամասնում է միջնորդության հասցեատերերից Արևիկ Պետրոսյանը. ֊ «Այդ դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով, այդ դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ ժամկետներում, այդ դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից։ Քննության առնելով այս բոլորը՝ Սահմանադրական դատարանը փաստարկել է, ամրագրել է այդ ամենը արձանագրությամբ և, ելնելով իմ ներկայացրած հիմնավորումներից, անհրաժեշտություն չի տեսել քննության առարկա դարձնի և դրա վերաբերյալ որոշում կայացնի»»։

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացի հիմքերից մեկն էլ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններն են: Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեռ երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այս սերտ կապը կասկածելի է դարձնում Քոչարյանի գործով Հրայր Թովմասյանի անաչառությունը: Ինչ վերաբերում է Արևիկ Պետրոսյանին, ըստ միջնորդության, նա 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ ԲՀԿ խմբակցությունից Աժ փոխխոսնակ էր և կողմ է քվեարկել արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին։

Արևիկ Պետրոսյանը մանրամասնում է. ֊ «Այն հարցը, որը քննության առարկա է դարձել և դառնում է Սահմանադրական դատարանում, դա նորմատիվ֊իրավական ակտերի, օրինակ՝ օրենքների սահմանադրականության հարցերն են, այդտեղ չկա հայտարարություն, այդտեղ չկա հրամանագրի սահմանադրականության հարց, որպեսզի խնդիր լիներ, որ եթե հայտարարության վերաբերյալ դիրքորոշում է եղել՝ որը եղել է քվեարկության միջոցով, դա կարող էր ուղիղ ազդեցություն ունենալ իմ՝ որպես Սահմանադրական դատավորի դիրքորոշման և որոշման կայացման վրա»։

Փաստաբան Կարապետ Բադալյանը Արևիկ Պետրոսյանը մեկնաբանությունները խորամանկություն է որակում: Նրա հիմնավորմամբ Սահմանադրական դատարանի դատավորը միջնորդություն ներկայացնելու ժամկետներով սահմանափակված չէ: Գրիգորյանը Քոչարյանի դիմումի քննությունից դեռ մեկ շաբաթ առաջ է ներկայացրել այն:

Քոչարյանի դիմումների քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ դեռ հունիսին է ՍԴ-ն որոշում կայացրել, քանի որ նա մինչև դատավոր ընտրվելը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է եղել:

«Թող չխորամանկեն, չպետք է այլ կերպ ներկայացնեն, քան օրենքում գրված է։ Այդ միջնորդությունը պետք է քննարկել ու հաշվի առնելով հենց Վահե Գրիգորյանի՝ պաշտոնավարման անցնելու առանձնահատկությունները, որ այդ որոշումը ընդունվել է հենց նրա առաջին աշխատանքային օրվա ընթացքում, իրենք պարտավոր էին հարգել դատավորի լիազորությունների իրականացումը և որոշում կայացնել՝ քննարկել։ Այն, որ իրենք անտեսել են՝ դա իրենց բնորոշ է՝ իրավունքի խախտումներով առաջ շարժվելը», ֊ ասում է Կարապետ Բադալյանը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ երեկ հայտարարությամբ անդրադարձավ Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակին և թույլ տված խախտումներին: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի գործով ՍԴ որոշումը որակեց ապօրինի:

ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանն այս քաղաքական հայտարարություններին չցանկացավ անդրադառնալ: Բացառո՞ւմ է ՍԴ անդամների հրաժարականը. մեր այս հարցին Պետրոսյանը պատասխանեց հռետորական հարցադրմամբ. ֊ «Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետև այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը։ Սահմանադրական դատարանը գործում է բնականոն ընթացքով իր լիազորությունների տիրույթում և Սահմանադրական դատարանը ճգնաժամ երկրում չի առաջացրել»։

Սկսված գործընթացների մասին կարճ խոսեց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Հիշեցրեց՝ Քոչարյանի դիմումի վերաբերյալ իր անհամաձայնությունը հայտնել է հատուկ կարծիքով. ֊ «Ձեր տված այս հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ իմ հայտնած կարծիքը, եթե այդ հարցը տեղ գտավ, օրինակ, նաև Ազգային ժողովի դիմումի մեջ, կստացվի, որ ես նախօրոք ինչ֊որ կարծիք եմ հայտնում այն հարցի վերաբերյալ, որը կարող է Սահմանադրական դատարանում քննարկման առարկա հանդիսանալ և որի իրավունքը ես չունեմ որպես դատավոր»։

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, ապա այն դեռ շրջանառության մեջ չի դրվել: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում, խմբակցությունը նախ ներկայացնում է նրա լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծ: Այն քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում։ Որոշումը փակ քվեարկությամբ է ընդունվում, առնվազն 80 պատգամավորի ձայն է անհրաժեշտ, իսկ իշխող ուժն 88 պատգամավոր ունի: Եթե որոշումն ընդունվում է, ԱԺ-ն դիմում է Սահմանադրական դատարան:

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերջնական որոշումը պետք է կայացնի ՍԴ-ն, որտեղ էլ անհրաժեշտ է առնվազն 6 քվե։

XS
SM
MD
LG