Մատչելիության հղումներ

Եգորյան․ ՍԴ որոշման հիմքով հնարավոր չէ դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը և ազատել նրան արգելանքից


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում անցած շաբաթ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությունը:

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որը տարընթերցումների տեղիք տվեց: Ոմանք գտնում են, որ այդ որոշումից հետո Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Մյուսներն էլ պնդում են, որ որոշումը չի ազդում նախկին նախագահի խափանման միջոցի վրա:

Սահմանադրական դատարանի որոշմամբ չկա որևէ եզրահանգում, որով թույլատրելի կլինի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը, վստահեցնում է Մարտի 1-ի զոհերի զոհերի իրավահաջորդների, տուժողների շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Փաստաբանը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Տիգրան Եգորյան․ - Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից մեկնաբանվող՝ Սահմանադրական դատարանի անունից հրապարակված սեպտեմբերի 4-ի որոշմանը, ապա այդ որոշմամբ որևէ այնպիսի եզրահանգում Սահմանադրական դատարանը չի կատարել, որը հիմք ընդունելով և որին հղում կատարելով հնարավոր և թույլատրելի կլինի դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը և ազատել նրան արգելանքից: Սա անհնարին մեկնություն է Սահմանադրական դատարանի անունից հրապարակված այս որոշման: Այսինքն՝ նման դրույթներ, նման արտահայտություններ և առավել ևս եզրահանգումներ, իրավական դիրքորոշումներ Սահմանադրական դատարանի այդ հրապարակված որոշման մեջ չկա, դրանք բացակայում են: Հենց էդ պատճառով էլ որևէ ուղիղ, էսպես ասած, պատվիրան, հրամայական, հանձնարարական այն չի պարունակում: Ավելին՝ էդ տեքստում,եզրափակիչ մասում ամենակոնկրետ նշված եզրահանգումը և միտքը, որը վերաբերում է Քրեական դատավարության [օրենսգրքի] 35-րդ հոդվածում համապատասխան դրույթի բացի՝ Սահմանադրության անհամապատասխանության հարցին, ապա նույնիսկ էդ եզրահանգումը, էդ հստակ արձանագրումը Ազգային ժողովի համար որևէ իրավական հետևանք չստեղծող և որևէ պարտականություն չառաջացնող է, Ազգային ժողովը ինքն է որոշում՝ արդյոք նա կատարո՞ւմ էհամապատասխան լրացումներ, թե՞ ձեռնպահ է մնում այնպիսի կարգավորումներից, որոնք Ազգային ժողովի կարծիքով ավելորդ են և կարգավորված են այլ իրավական ակտերով:

Տվյալ դեպքում, այն, ինչ իբր Սահմանադրական դատարանը դիտարկել է, այսինքն՝ այն բացը օրենսդրական, և արձանագրել է, թե իբր բացակայում է գործառութային անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հնարավորությունն ու հիմքը, դա չի համապատասխանում Սահմանադրությանը, որովհետև այդ հիմքը նախատեսված է, նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող հոդվածն է, որը նախատեսում է, որ իր լիազորությունների ժամանակահատվածում նախագահն անձեռնմխելի է, չի կարող ենթարկվել քրեական հետապնդման, լիազորությունների ավարտից հետո իր գործառույթների հետ չկապված, կարգավիճակի հետ չկապված գործունեության կամ որոշումների համար կարող է ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության: Սա է Սահմանադրությամբ սահմանված այն անձեռնմխելիության տիրույթը և բովանդակությունը, որը սահմանադիրն անհրաժեշտ է համարել նախագահի՝ մյուս իշխանության թևերից անկաշկանդ գործելու երաշխիքներ տրամադրելու համար, և վերջ:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 15-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG