Մատչելիության հղումներ

Իսրայելում կրկին խորհրդարան են ընտրում


Բենյամին Նեթանյահու (աջից), Բենի Գանց

Իսրայելում այսօր խորհրդարան են ընտրում, ընդ որում՝ սա արդեն երկրորդ քվեարկությունն է վերջին կես տարվա մեջ: Ապրիլին անցկացված ընտրություններից հետո երկրի երկարամյա վարչապետը՝ «Լիքուդ»-ի առաջնորդ Բենյամին Նեթանյահուն այդպես էլ չկարողացավ կոալիցիա կազմել խորհրդարան անցած մյուս ուժերի հետ: Արդյունքում, 21-րդ գումարման Քնեսեթը լուծարվեց՝ դառնալով ամենակարճաժամկետը երկրի պատմության մեջ: «Հիմա գլխավոր հարցն է՝ Բիբին հինգերորդ անգամ կստանձնի՞ վարչապետի պաշտոնը, թե՞ վերջակետ կդնի իր բազմամյա քաղաքական կարիերային», - փաստում են լրատվամիջոցները:

Խնդիրն ամենևին էլ հեշտ չէ: Քաղաքական դաշտում 69-ամյա առաջնորդին սպասում է թեժ մրցակցություն, իրավական դաշտում՝ երեք քրեական գործ կեղծիքի ու կոռուպցիայի մեղադրանքներով: Նեթանյահուն պնդում է, թե անմեղ է, և, որպես կանոն, նախընտրում է այս թեմային կատակով արձագանքել, ինչպես, օրինակ, ամիսներ առաջ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ․ - «Պարոն նախագահ, ուզում եմ ասել, որ Ձեզ Գոլանից մի հրաշք գինի եմ բերել, գիտեմ, որ Դուք գինու սիրահար չեք, բայց կարո՞ղ եմ դա փոխանցել Ձեր աշխատակազմին: Հուսով եմ՝ նրանք հետաքննություն չեն բացի այդ հարցով»:

«Եվ նա դեռ այդքանից հետո կատակնե՞ր է անում», - հակադարձում է Նեթանյահուի հիմնական մրցակիցը՝ նախկին զինվորական, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցը: Գեներալ-լեյտենանտը վստահ է՝ այս անգամ հաղթանակն իրենն է լինելու: Ի դեպ, վերջին՝ ապրիլյան ընտրություններում նրա նորաստեղծ կուսակցությունը՝ «Կախոլ լավա»-ն ստացել էր 35 մանդատ, ճիշտ այնքան, որքան Նեթանյահուի՝ ավելի քան քառասուն տարվա պատռմություն ունեցող «Լիքուդ»-ը:

«Ինձ համար ծիծաղելի է նույնիսկ մտածել, որ Իսրայելի վարչապետը կարող է անցնել քրեական գործով ու մնալ իր պաշտոնում: Այդպիսի բան չի կարող լինել», - ընդգծել է Գանցը:

Սոցիոլոգիական հարցումները փաստում են՝ ինչպես և անցած ընտրություններում, հիմա էլ Բիբիի ու Բենիի կուսակցությունները գրեթե հավասար վարկանիշ ունեն, մյուս կողմից՝ նրանցից որևէ մեկին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի ստանալ ձայների մեծամասնությունը՝ միանձնյա կառավարություն ձևավորելու համար:

Երրորդ հորիզոնականում, ըստ հարցումների, պաշտպանության նախկին նախարար, ազգայնական Ավիգդոր Լիբերմանի կուսակցությունն է, որը նախորդ անգամ համառորեն մերժեց կոալիցիա կազմելու՝ Նեթանյահուի առաջարկը: Թե ինչ կասի նա այս անգամ, հայտնի չէ. եթե Նեթանյահուին այս անգամ էլ չհաջողվի համաձայնության գալ, երկրի նախագահը կարող է կառավարություն ձևավորելու իրավունքը հանձնել նրա մրցակցին՝ Գանցին: Հնարավոր մյուս սցենարով էլ Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը կարող է նրան պաշտոնանկ անել ու առանց Բիբիի կոալիցիա կազմել գլխավոր մրցակցի՝ Բենիի հետ:

XS
SM
MD
LG