Մատչելիության հղումներ

Բենի կամ Բիբի՝ իսրայելցիներն ընտրություն են կատարում երկու Բենյամինների միջև


Իսրայել - Բենյամին Նեթանյահուի և Բենի Գանցի դիմանկարներով նախընտրական պաստառները Թել Ավիվում, ապրիլ, 2019թ․

Իսրայելում նոր Քնեսեթ են ընտրում. 21-րդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային գալիք նոյեմբերին, սակայն կոալիցիոն կառավարության ներսում խորը տարաձայնություններն ու Նեթանյահուի կաբինետից առանցքային դեմքերի հեռացումը հանգեցրեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման:

Հիմնական պայքարը գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության և երկրի թերևս ամենաազդեցիկ քաղաքական ու ռազմական գործիչներից մեկի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Բենի Գանցի առաջնորդած ձախակենտրոն ուժի միջև է, որը կոչվում է «Կախոլ լավան», թարգմանաբար՝ «կապույտ-սպիտակ»՝ ի պատիվ իսրայելական դրոշի գույների:

Իշխանական ճամբարը պնդում է՝ «միայն Բիբին և ուրիշ ոչ ոք», ընդդիմությունը հակադարձում է՝ «միայն թե ոչ Բիբին»: Նախընտրական բանավեճը ոչ թե գաղափարական է, այլ անձերի շուրջ է:

39 տարեկանում գեներալի կոչման արժանացած Գանցը հայրենակիցների շրջանում հայտնի է որպես զինվորական արքայազն, նա հավակնում է բավարարել հրեա ընտրողի գլխավոր պահանջը՝ նոր դեմք վարչապետի աթոռին:

Նեթանյահուն այդ պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից, ընդ որում՝ նա համատեղությամբ արտգործնախարարի, մինչ այդ էլ՝ կապի նախարարի, իսկ անցյալ տարի Ավիգդոր Լիբերմանի հրաժարականից հետո՝ նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատարն է:

«Իսրայելցի առաջնորդները թագավոր չեն. ես պետություն չեմ, պետությունը դուք եք, պետությունը մենք ենք», - հայտարարում էր Բենի Գանցը, ով իր երեք զինակիցների հետ ամիսներ առաջ քաղաքական պատերազմ է հայտարարել Նեթանյահուին:

«Կապույտներն ու սպիտակները» իրենց նախընտրական ծրագիրը փաստացի կառուցել են Իսրայելի երկարամյա վարչապետի հակաթեզի վրա՝ փորձելով հնարավորինս ակնհայտ դարձնել ու ապացուցել 69-ամյա Նեթանյահուի հոգնածությունը:

Գեներալների դաշինքը նաև մտավախություն ունի, որ վարչապետը վերընտրվելու դեպքում կլծվի նոր օրենքի ընդունմանը, որով կառավարության ղեկավարը կստանա լիակատար անձեռնմխելիություն, ինչն էլ թույլ կտա կոռուպցիոն սկանդալներում ներքաշված Նեթանյահուին խուսափել քրեական պատասխանատվությունից:

«Նախկինում ես ասում էի, որ Նեթանյահուի պաշտոնավարումը սխալ է, այժմ ես ասում եմ՝ անթույլատրելի է», - հայտարարել է ընդդիմության թեկնածուն:

Փորձագիտական շրջանակներում դժվարանում են կանխատեսումներ անել այսօրվա ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բայց մեկ հարցում վստահ են՝ Նեթանյահուի հաղթանակի դեպքում երրորդ համաշխարհային պատերազմ չի սկսվի, աշխարհն էլ փուլ չի գա, եթե վարչապետի աթոռը զբաղեցնի Բենի Գանցը:

Իսրայելական մամուլը նշում է, որ խորհրդարանական այս ընտրությունները կարևոր են նախևառաջ երկրի ներքին իրավիճակ համար՝ գլխավորապես դատական համակարգը բարեփոխելու, իրավապահ մարմինների նկատմամբ վստահությունը վերականգնելու առումով:
Մրցակից երկու ուժերին միավորում է թերևս արտաքին թշնամին՝ Իրանը. իշխանությունն ու ընդդիմությունը իրար հերթ չտալով փորձում են ապացուցել, որ ի վիճակի են ճնշել Թեհրանին:

Թեմայի շուրջ ամենաթեժ քննարկումների պահին, սակայն, գեներալ Գանցը հայտնվեց սկանդալի կենտրոնում՝ մամուլը հայտնեց, թե իրանցի հաքերները հարձակում են իրականացրել իսրայելցի զինվորականի բջջային հեռախոսի վրա:

«Ինչպե՞ս ես դու հակազդելու Իրանին՝ մեր գլխավոր թշնամուն, երբ Իրանը քո մասին գաղտնի տեղեկատվություն ունի», - առիթը բաց չթողնելով հարցնում էր Նեթանյահուն:

Բենի Գանցի պատասխանը չուշացավ․ - «Դիմում եմ իրանցիներին՝ գիտեք իմ ընկերներին, գիտեք ինձ, ընդ որում՝ ոչ միայն իմ հեռախոսից: Իմ պաշտոնավարման օրոք դուք չեք դառնա տարածաշրջանի գերտերություն, և անհրաժեշտության դեպքում, առանց կասկածի, ուժ կկիրառեմ»:

Գեներալը շարունակում է պնդել, որ հաքերային հարձակման պահին ինքն այլևս զինվորական պաշտոնյա չէր, հեռախոսում որևէ գաղտնի տեղեկատվություն չկար, և որ տեղի ունեցածի համար պատասխանատվություն է կրում երկրի ղեկավարը:

Իսրայելի մյուս արտաքին խնդրի՝ պաղեստինյան հակամարտության հարցում, այդուհանդերձ, Բենին ու Բիբին սկզբունքային տարաձայնություն ունեն՝ պետության գործող ղեկավարը գրեթե անհնարին է համարում հարցի լուծումը, մինչդեռ ձախակենտրոն ընդդիմությունը համոզված է՝ ելքեր կան: Գեներալի թիմակիցներն այս մասին խոսելիս հիշում են Գանցի՝ Հոլոքոսթը վերապրած մոր խոսքերը․ - «Երբ գեներալը ղեկավարում էր Գազայի հատվածում ռազմական գործողությունները, մայրը որդուն խնդրել էր՝ «շարունակեք պայքարը, բայց մի դադարեք Գազայի հատվածի այդ մարդկանց սնունդ ուղարկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG