Մատչելիության հղումներ

Ազատ կարձակվի՞ Քոչարյանը, թե՞ ոչ. մեկնաբանություններ


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, հուլիս, 2019թ.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, հուլիս, 2019թ.

«ՍԴ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը օր առաջ պետք է ազատ արձակվի»,- պնդում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը։

Նա սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Քոչարյանի կալանքի ամեն օրը իրավունքի խախտում է համարում։ Ընդ որում, կարծում է, դատարանն իր նախաձեռնությամբ պետք է անդրադառնա Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշմանն ու ազատի Քոչարյանին։ Առաջին ատյանի դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Քոչարյանի գործով դատավարությունը կվերսկսվի մեկ շաբաթից՝ հաջորդ հինգշաբթի։

«Դատարանը միանշանակ պետք է անդրադառնա, դատարանի համար Սահմանադրական դատարանի որոշումը գործում է անմիջականորեն, ինչպես դատարանի, այնպես էլ բոլորի համար։ Այլ կերպ ասած, երբ Սահմանադրական դատարանը ենթադրենք հակասող և անվավեր է ճանաչում մի օրենսդրական ակտ, այդ ժամանակ պետք է ինչ-որ մի կողմ պարտադիր դիմի՞ Ազգային ժողովին, որ գործողություն ձեռնարկի, ոչ, քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները անմիջականորեն են գործում, դրանից հետո պետք չէ պարտադիր գործողություն անել, որ ակնկալել արդյունք», - նշեց Վարդևանյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե Վարդևանյանը ասում է, որ դատարանը իր նախաձեռնությամբ պետք է անդրադառնա՞ Քոչարյանի խափանման միջոցին և նրան ազատ արձակի, Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանը պատասխանեց. «Անպայման պետք է անդրադառնա և անձնական ազատության իրավունքի խախտումը վերացնի»։

Հարցին էլ՝ այսինքն ազա՞տ արձակի, Վարդևանյանն արձագանքեց. «Ըստ էության, այո»։

Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով որոշման միայն եզրափակիչ մասն է հրապարակվել։ ՍԴ-ի մասին օրենքով՝ որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից։ Մինչ այս պահը փաստաթուղթը կայքում տեղադրված չէ:

Վարդևանյանն ասաց՝ փաստաբանական թիմն իր գործողությունները կքննարկի ամբողջական որոշման հրապարակումից հետո։ Բայց կրկին պնդեց՝ առանց իրենց միջնորդություն-դիմումների էլ՝ ՍԴ որոշումը պարտադիր է կատարման և՛ դատական, և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանության համար, չկատարելն էլ՝ քրեորեն հետապնդելի։

«Ազատություն». - Լրագրողների հետ ճեպազրույցում ասել եք, որ այս որոշման հասցեատերը դատարանն է և քրեակատարողական հիմնարկը, հիմա ի՞նչ եք պատրաստվում անել՝ որոշումն ամբողջությամբ հրապարակվելուն պես վերցնելու եք գնաք դատարան և դատավորին ցույց տաք, ասեք, կամ հատուկ միջնորդություն եք ներկայացնելու, ասելու եք՝ «ահա Սահմանադրական դատարանի որոշումը», գնալու եք ծեծեք քրեակատարողական հիմնարկի դուռը, ասելու եք՝ «ահա Սահմանադրական դատարանի որոշումը, ազատ արձակեք Ռոբերտ Քոչարյանին»: Ձեր գործողությունները։

Վարդևանյան. – Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր կատարման ենթակա են, իհարկե, դա նշանակում է, որ պարտադիր կատարման ենթակա են դատարանների համար, գործադիր իշխանության համար, բոլորիս համար։ Այստեղ նաև ես ընդգծեցի, որ ամբողջ որոշմանը ծանոթանալուց հետո նաև պետք է քննարկման առարկա դառնա, և դա, կարծում եմ, փաստաբանական թիմով էլ կքննարկենք, թե ինչպիսի գործողություններ պետք է ձեռնարկվեն։ Իհարկե, նաև պետք է քննարկել քրեակատարողական ծառայության հարցը, այսինքն՝ արդյո՞ք հենց այդ որոշման ուժով, հենց այս փուլում խափանման միջոցը իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով արդեն իսկ փոփոխման ենթակա է, թե՞ ոչ։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ ՍԴ որոշման պատճառաբանական մասին ծանոթ չէ, սակայն միայն եզրափակիչ մասին ծանոթանալով անգամ պնդում է՝ խափանման միջոցի փոփոխության հարց ՍԴ երեկվա որոշումը չի առաջացնում: ՍԴ-ն, պարզաբանեց տեսակետը, հակասահմանադրական է ճանաչել քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին վերաբերող Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, բայց անվավեր ու Սահմանադրությանը հակասող չի ճանաչել կալանավորմանն ու խափանման միջոցի ընտրությանը վերաբերող հոդվածը:

«Միայն 35-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխան հիմքով չհամապատասխանելը սահմանելը որևիցե դեպքում չի կարող ենթադրել կալանավորման միջնորդության կրկնակի քննություն կամ խափանման միջոցի վերացման հնարավորություն։ Այսինքն՝ 135-րդ հոդվածը սահմանվել է Սահմանադրությանը չհակասող, այսինքն՝ չի սահմանվել դրա հակասությունը Սահմանադրության հետ, և այս պայմաններում խոսել խափանման միջոցի փոփոխման կամ վերացման հնարավորության մասին կամ իսկույն ևեթ քննության մասին, կարծում եմ, որ տեղին չէ, հատկապես երբ մենք ծանոթ չենք, գուցե իրենք ծանոթ են բովանդակությանը, բայց հանրության լայն շրջանակները ծանոթ չեն Սահմանադրական դատարանի որոշման բովանդակությանը», - ընդգծեց Սրբուհի Գալյանը։

Արդարադատության փոխնախարարը հավելեց․ «Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը սեփական որոշման համաձայն կարող է ազատ արձակել կալանավորված անձին, իսկ դրանց մեջ նշված հիմքը, իհարկե, չի մտնում»։

Ըստ Արդարադատության փոխնախարարի, ՍԴ-ը ընդհանրապես չպետք է քննության առներ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

«Պրակտիկայում հաղթահարելի օրենսդրական բացը չպետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանի կողմից։ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը պետք է կիրառվեն անմիջականորեն։ Այսինքն՝ եթե Սահմանադրությամբ մենք ունենք կարգավորված որոշակի հարաբերություն, օրենսդրական բացի մասին խոսելը և օրենսդրական բացով անձի իրավունքների խախտումը պայմանավորելը ուղղակի տրամաբանական չէ։ Դատարանի ձեռքերը որևէ դեպքում կապված չեն անձեռնմխելիության հարցը քննելու հարցում, և եթե դատարանը գա եզրահանգման կամ գար եզրահանգման, որ անձը ունեցել է անձեռնմխելիություն, գործի քննությունը չէր շարունակի, որովհետև Սահմանադրությամբ նշված է՝ անձեռնմխելիություն ունեցող անձը հետապնդման ենթակա չէ», - ասաց Գալյանը։

XS
SM
MD
LG