Մատչելիության հղումներ

Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել


Արթուր Վարդանյանը դատարանում, արխիվ

Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Ըստ ԱԱԾ-ի, այս գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր իշխանությունը բռնությամբ զավթել:

ԱԱԾ-ի հաղորդմամբ, Վարդանյանն իր զինված խմբով ցանկացել է թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։

2015-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն անազատության մեջ է անցկացրել 4 տարի և չի ընդունել մեղադրանքը: Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասում է, որ իր վստահորդն առողջական խնդիրներ է ունեցել, դրանք սրվել են բանտում եղած տարիներին:

«Այս դատական ակտն իրավաչափ է և հեղինակավոր: Քրեական գործը հեռանկար չունի հետագայում», - «Ազատությանը» փոխանցեց դատարանի դահլիճից ազատ արձակված Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Այս գործով մեղադրյալներից մի քանիսն ազատ էին արձակվել նախորդ տարի՝ հեղափոխությունից հետո։ Մյուսները ստորագրությամբ էին ազատության մեջ: Այս գործով շուրջ երկու տասնյակ մեղադրյալներից միայն Արթուր Վարդանյանն էր անազատության մեջ:

Գործի շրջանակներում, ամբաստանյալի աթոռին էին նստել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG