Մատչելիության հղումներ

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով նախաքննությունն ավարտվել է


Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է Արթուր Վարդանյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ 2015թ. նոյեմբերի 24-ին հարուցված քրեական գործի քննությունը:

«Նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ և մեծածավալ քննչական գործողությունների, այդ թվում՝ հարցաքննությունների, առերեսումների, խուզարկությունների, փորձաքննությունների արդյունքում հավաքված ապացույցների, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում ստացված տվյալների համակցությամբ պարզվել է, որ Արթուր Վարդանյանն, ունենալով զինված գործողությունների մասնակցության փորձ և ռազմական հմտություններ, իշխանությունը զավթելու նպատակով ստեղծել է հանցավոր համագործակցություն», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է իրականացվել թվով 33 անձանց նկատմամբ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

2016 թ. հունիսի 8-ին 4 անձի մասով գործն անջատվել է, նրանց նկատմամբ 223-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի մեղադրանքներով քրեական գործն ուղարկվել է դատարան:

Քրեական գործով անցնող 20 մեղադրյալների (Արթուր Վարդանյան, Արա Պողոսյան, Էդվարդ Ներսիսյան, Տիգրան Բոյաջյան, Վահագն Սալնազարյան, Ավետիս Բարեյան, Արթուր Եղիազարյան, Վաղինակ Ստեփանյան, Արման Հայրապետյան, Գևորգ Ջնդոյան, Ասյա Մկրտչյան, Մարինե Կաթանյան, Նելլի Մինասյան, Անտոն Դիկրան Թոթոնջյան, Խաչիկ Ավետիսյան, Արկադի Մարդոյան, Հարություն Սարիբեկյան, Վահան Շիրխանյան, Գառնիկ Մարգարյան, Վլադիմիր Առաքելյան) առաջադրված մեղադրանքները լրացվել են իշխանությունը զավթելու նախապատրաստության մասով (ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մաս), և գործը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Եվս 9 մեղադրյալների նկատմամբ նախաքննությունը շարունակվում է:

ԱԱԾ-ն նշում է, որ Վարդանյանը 2015 թ. մայիսից «ձեռնամուխ է եղել հանցավոր համագործակցությունը ձևավորելու, այդ գործում ՀՀ քաղաքացիների ներգրավելու, զենք-զինամթերք հայթայթելու և իշխանությունը զավթելուն ուղղված այլ գործողություններ իրականացնելուն», իսկ 2015 թ. նոյեմբերի 25-ին «հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել էր»:

Recommended

XS
SM
MD
LG