Մատչելիության հղումներ

Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն այսօր դատական նիստի ժամանակ հայտարարեց՝ պայթելու է։ Դատավորի ճշտող հարցին, թե ի՞նչն է պայթելու ասաց՝ ճշմարտությունը։

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Նորքի զինված խմբի գործով հերթական դատական նիստն էր, խմբի քսան անդամները մեղադրվում են բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով Հայաստանում իշխանությունը զավթելու փորձի համար, ինչը ավարտին չեն հասցնել, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունը 2015 թվականի նոյեմբերին բացահայտել և վնասազերծել է հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձանց։

Դատարան էին բերվել 18 փաթեթներ, որտեղ Արթուր Վարդանյանի և մյուս ամբաստանյալների շուրջ 6 ժամ տևողությամբ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների գաղտնալսումներն էին։ Ոմն Հակոբ Հակոբյանի և գործով մեղադրյալ Խաչիկ Ավետիսյանի հետ խոսակցություններում Արթուր Վարդանյանը խոսում էր անհայտ մի ապրանքի, Երևանում մի անձի դիմավորելու մասին, հեռախոսահամարներ փոխանցում։

Մի քանի գաղտնալսումների հրապարակումից հետո Արթուր Վարդանյանն ասաց, թե գործի նյութերում չի գտնում հենց այդ ձայնագրությունների սղագրությունները, ինչին դատախազ Գևորգ Սարգսյանն արձագանքեց՝ ասելով, թե նա իրավաբանական գիտելիքներ չունի։ Այս հայտարարությունը հունից հանեց Վարդանյանին։ Նա սկսեց գոռալ ու հարվածել սեղանին։

Դժգոհ էին նաև փաստաբանները, ովքեր նշում էին, թե լրացուցիչ ձայնագրություններ են հայտնվել, որոնցից իրենք տեղյակ չեն։ Ի պատասխան՝ դատախազն ասաց, թե պաշտպանները նախ նիստին պետք է պատրաստված գան։ Սա նոր վիճաբանության առիթ դարձավ։ Փաստաբան Նարինե Ռշտունին բացատրություն պահանջեց նրանից․ ֊ «Հազար ներողություն, Դուք իմ ունակությունների վրա՞ եք կասկածում»:

Ամբաստանյալ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը հայտարարեց, թե գործը շինծու է, ձայնագրություններից էլ պարզ է դառնում, որ դրանք քրեական գործի հետ կապ չունեն․ ֊ «Որևիցե մի բառ՝ իշխանափոխություն, լսվո՞ւմ է այդ դիսկերի մեջ, որ ըտենց ոգևորված ասում եք: Ասում եք՝ տեսեք, տեսեք մեջը ինչ կա․․․ ի՞նչ կա, նայում ենք՝ բան չկա»:

Դատավարության ընթացքում Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց Վարդանյանից առգրավված գումարը հետ տալու մասին։ Նախաքննության ընթացքում վարդանյանից 13 հազար դոլար, 3,500 եվրո և 750,000 դրամ էր առգրավվել։ Դատախազը նկատեց՝ այդ գումարները մեղադրյալ Անտոն Թոթոնջյանն է տրամադրել և դրանք պետք է հանցավոր նպատակով օգտագործվեին։

Դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, թե միջնորդությանն ավելի ուշ կանդրադառնան։ Կողմերին էլ ձայնագրություններին ծանոթանալու համար ժամանակ տվեց և դատական նիստը հետաձգեց մինչև մարտի 23-ը։

Հիշեցնենք՝ ըստ ԱԱԾ-ի, գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG