Մատչելիության հղումներ

Ամերիկան Ուկրաինային տրամադրում է 390 միլիոն դոլար


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զինվորականների հետ, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զինվորականների հետ, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով վերանայել է 250 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնության ծրագիրը սառեցնելու որոշումը և արտոնել է գումարի փոխանցումը Կիևին:

Այդ ծրագրով նախատեսվում է ուկրաինական զինուժին տրամադրել ուսումնական աջակցություն և հանդերձանք:

Ուկրաինայի զինուժը երկրի արևելյան շրջանում պայքար է մղում Ռուսաստանի աջակցությամբ գործող զինյալ անջատականների դեմ:

Ուկրաինայում 2014 թվականից մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:

«Շնորհակալ եմ և երախտապարտ եմ նրան [ԱՄՆ նախագահ Թրամփին]», - այսօր հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Նա բացել է Յալթայում գումարված Եվրոպական ռազմավարության խորհրդաժողովը, որը կազմակերպել է ուկրաինացի մեծահարուստ Վիկտոր Պինչուկը:

Նախկինում հեռուստաաստղ Զելենսկին ասել է, թե «Միացյալ Նահանգների նախագահ ընտրված նախկին հեռուստաաստղ Թրամփի հետ» ունի շատ լավ հարավերություններ: «Միացյալ Նահանգները կարևոր ռազմավարական գործընկեր է», - ընդգծել է Զելենսկին:

Նրա փոխանցմամբ, Ամերիկան Ուկրաինային է տրամադրում ոչ միայն խոստացած 250 միլիոն դոլարը, այլև լրացուցիչ 140 միլիոն՝ Պետական դեպարտամենտի գծով:

Այդ գումարը փոխանցվում է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության ծրագրով:

XS
SM
MD
LG