Մատչելիության հղումներ

Բաքուն բողոքի նոտա է հղել Փարիզ՝ ֆրանսիացի պատգամավորների Արցախ այցի կապակցությամբ


Ֆրանսիացի խորհրադարանական Վալերի Բուայե, արխիվ
Ֆրանսիացի խորհրադարանական Վալերի Բուայե, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Փարիզ՝ ֆրանսիացի մի խումբ պատգամավորների Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության դեմ: «Մենք վճռականորեն դատապարտում ենք ֆրանսիացի օրենսդիրների ապօրինի այդ այցը», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մանրամասնելով՝ «հարցի առնչությամբ Ադրբեջանում հավատարմագրված Ֆրանսիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն»:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, բողոքի նոտայում Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ ընդգծել է, որ «այդօրինակ այցերը սասանում են Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի, խնդրի դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև վնաս են հասցնում Ֆրանսիայի հեղինակությանը, որը հանդես է գալիս որպես այս հակամարտության միջնորդ»:

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը Ստեփանակերտ էր ժամանել շաբաթասկզբին, ֆրանսիացի պատգամավորները ծաղիկներ էին խոնարհել Ցեղասպանության զոհերի ու Ղարաբաղյան պատերազմում զոհվածների շիրիմներին: «Մի անկեղծ ու հուզիչ հանդիպում ունեցանք Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, սա մի հնարավորություն է մեզ համար՝ բարձրաձայնելու Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը», - Թվիթերում նախօրեին գրել էր խմբի անդամ, ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն, ով նաև տարիներ առաջ հեղինակել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: Ավելի ուշ, ելույթ ունենալով Ստեփանակերտի խորհրդարանում, Բուայեն ասել էր, որ մտադիր է Արցախում տեսածը պատմել Ֆրանսիայում և աշխարհին հիշեցնել մոռացվող այս հակամարտության մասին:

Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը Բուայեի և Արցախ այցելած նրա 6 գործընկերների անունները ներառել է իր «սև ցուցակում», կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը «վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի գրավյալ տարածքներ իր օրենսդիրների ապօրինի այցերը կանխելու դեմ»: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 2-ի դրությամբ, Ադրբեջանի համար անցանկալի անձանց այդ ցուցակում 852 օտարերկրացու անուն կա, որոնցից ավելի քան հինգ տասնյակը ներկայացնում են Ֆրանսիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG