Մատչելիության հղումներ

Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին, Բիլզերյանի՝ Ղարաբաղ այցի կապակցությամբ


Դեն Բիլզերյանը ԼՂ-ում, օգոստոս, 2018 թ․

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Միացյալ Նահանգներին՝ ԱՄՆ քաղաքացի Դեն Բիլզերյանի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ: Ըստ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների, նախօրեին այդ երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլն այս հարցով կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է պետդեպարտամենտին հասցեագրված բողոք-նամակը:

«Մենք ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին տեղեկացրեցինք, որ Բիլզերյանը խախտել է Ադրբեջանի «Պետական սահմանի մասին օրենքն» ու Միգրացիոն օրենսգիրքը և առանց համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու, շրջանցելով մեր սահմանային անցակետերը, ոտք է դրել Ադրբեջանի գրավյալ տարածքներ»,- հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Ամերիկյան կողմին ուղղված բողոքում Ադրբեջանի արտգործնախարարությունը նաև նշել է՝ Բիլզերյանն ապօրինի զենք է ձեռք բերել և սադրիչ նպատակներով այդ զենքից ցուցադրաբար կրակ բացել Ադրբեջանի զինված ուժերի ուղղությամբ: - «Մենք ամերիկացի դիվանագետին փոխանցեցինք նաև, որ այդ անձը տեսախցիկի առջև սանձարձակ ու անբարո հայտարարություններ է արել, որոնք վիրավորում են Ադրբեջանի ժողովրդի արժանապատվությունն ու բարոյական արժեքները և հակասում Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Ամերիկահայ միլիոնատեր՝ ալկոհոլի, կանանց, էքստրեմալ մարզաձևերի ու զենքերի նկատմամբ իր հետաքրքրություններով հայտնի Բիլզերյանը, ով հիմնականում կիսամերկ կանանց ընկերակցությամբ տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում սոցցանցերում, անցած շաբաթ ժամանել էր Երևան, ստացել ՀՀ անձնագիր, ապա՝ մեկնել Ղարաբաղ, որտեղ ի ցույց էր դրել տարբեր զինատեսակներից կրակելու իր հմտությունները։ Այդ այցից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության առանձնապես ծանր հանցագործություններով զբաղվող վարչությունը քրեական գործ էր հարուցել սոցիալական ցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող Բիլզերյանի դեմ, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, հայտարարվել էր հետախուզում:

Արձագանքելով այս գործին՝ «Պոկերի արքան», ով առաջին անգամը չէ, որ հայտնվում է աղմկահարույց պատմությունների մեջ, ամերիկյան People ամսագրի հետ զրույցում պնդել էր՝ Բաքուն իր դեմ հետապնդում է սկսել քաղաքական դրդապատճառներով: «Ես Լեռնային Ղարաբաղ էի այցելել մի խումբ անձանց ընկերակցությամբ: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, միայն իմ դեմ են քրեական գործ հարուցել, քանի որ ես հանրային մեծ ճանաչում ունեմ: Ադրբեջանն ուզում է իմ օրինակը դարձնել նախադեպ ու զգուշացում՝ մյուսների համար»,- ասել էր 37 ամյա Բիլզերյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը չի հերքում, որ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով նպատակ ունի կանխել Միացյալ Նահանգների այլ երկրների քաղաքացիների այցերը Ղարաբաղ: «Մենք ամերիկյան կողմին տեղեկացրեցինք Բիլզերյանին առաջադված մեղադրանքների ու նրան պատասխանատվության կանչելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն ու հավելել․ «Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ողջ լրջությամբ կվերաբերվի Բաքվի մտահոգություններին և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, որպեսզի այսուհետ ԱՄՆ քաղաքացիները խուսափեն Ադրբեջանի գրավյալ տարածքներ այցելելուց»:

Պաշտոնական Բաքուն, ի դեպ, մեկ անգամ արդեն իրագործել է Ղարաբաղ կատարած այցի համար օտարերկրյա քաղաքացու կալանավորելու սպառնալիքը: Երկու տարի առաջ Ադրբեջանի պահանջով Բելառուսի իշխանությունները ձերբակալել, ապա Ալիևի վարչակազմին էին հանձնել Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Ալեքսադր Լապշինին: Բլոգերը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել Ղարաբաղ կատարած այցերի համար: Նա ադրբեջանական բանտից դուրս էր եկել իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ հորդորներից ու կուլիսներում պաշտոնական Բաքվի հետ անցկացված բանակցություններից հետո միայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG